Հայկական Վերածնունդ Շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի արձագանքը Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության վերաբերյալ – Armenian Renaissance  

Armenian Renaissance Los Angeles Chapter LogoՀայկական Վերածնունդ Շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղն իր խորին ցասումն ու մտահոգությունն է հայտնում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի Ապրիլի 12-ին Հայաստանում արված այն հայտարարության վերաբերյալ, որտեղ նա կոպիտ կերպով խախտելով ազգերի և պետությունների ազատ կողմնորոշման իրավունքը, միջազգային հարաբերությունների ընդունված նորմերը, ինչպես նաև ցանկացած դիվանագետի կարգավիճակին համապատասխանող էթիկայի կանոնները հայտարարել է, որ Ռուսաստանը կկասեցնի «բարեկամ երկրների ներքին գործերին ագրեսիվ միջամտության» փորձերը, որով կձգտեն ներդնել «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ ու արժեքներ»։

Անկախ պետությունների ներքին գործերին միջամտելու այսպիսի բացահայտ սպառնալիք–մարտահրավերը անցնում է միջպետական հարաբերությունների բոլոր ընդունված սահմանները, ու ցույց է տալիս բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ ռուս պաշտոնյաների, և ընդհանրապես տարածաշրջանում ծավալվող ռուսական քաղաքականության անհարգալից և ագրեսիվ գաղութատիրական մոտեցումները և ծրագրերը։

Միևնույն ժամանակ, Հայկական Վերածնունդ Շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը խորը մտահոգությամբ է ընդգծում Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների անտարբեր լռությունը և հանցավոր թողտվությունը՝ հայկական պետականության և ինքնիշխանության համար կործանարար հանդիսացող այսպիսի վտանգավոր և արհամարական կեցվածքի նկատմամբ։

Հայկական Վերածնունդ Շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը կոչ է անում Սփյուռքի և Հայաստանի բոլոր մտահոգված կազմակերպություններին, կուսակցություններին, քաղաքական խմբերին և անհատներին բողոքի կոչեր ուղղել մեր ազգային պետականությունը ոտնահարող ցանկացած նմանատիպ ոտնձգությունների դեմ, և պահանջել նման քաղաքական ագրեսիվ մոտեցման վերաքննում և ոչ պրոֆեսիոնալ պետական պաշտոնյաների նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառում։

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.