Սույն թվականի Մայիսի 11-ին Լոս Անջելեսի UCLA համալսարանում՝ Հայկական Վերածնունդ Շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի (ARLA), Ֆիլմի, Երաժշտության և Արվեստի Արփա Միության (AFFMA) և UCLA համալաարանի հայկական ուսանողական միության (ASA at UCLA) համատեղ հրավերով և օժանդակությամբ կայացավ հայտնի կինոռեժիսյոր, մի շարք միջազգային կինոփառատոնների մրցանակակիր և քաղաքական ակտիվիստ Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության Լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որը շարունակվեց շուրջ մեկ և կես ժամ տևող հարց ու պատասխանով։

Պ. Խզմալյանի բացառիկ ֆիլմը, որը չի ցուցադրվել Հայաստանի հեռուստատեսությամբ և կինոդահլիճներում՝ նրա քաղաքական գործնեության, ինչպես նաև ֆիլմերում բարձրացվող սուր և արդիական վերլուծությունների պատճառով, ցնցող տպավորություն թողեց Լոս Անջելեսի հայ կինոդիտողի, ինչպես նաև հայկական պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ամերիկացի և այլազգի հանդիսատեսի վրա։

Ներկա գտնվող AFFMA-ի ներկայացուցիչ Պ. Միսակ Քելեշյանը, որը երկար տարիներ զբաղվել է Արմին Վեգների կենսագրականով և լուսանկարների հավաքածուի ճակատագրով՝ միանալով Պ. Խզմալյանի հետ համատեղ հարց ու պատասխանին, ներկայացրեց մինչ այժմ մեզ համար անհայտ տվյալներ լուսանկարչի կյանքի, սխրանքերի և հալածանքների մասին։ Նա իր հետ բերելով Ադոլֆ Հիտլերի հրամանով այրված և հրաշքով վերականգնված Վեգների գրքի երկու հատոր՝ պատմեց, թե ինչպես ժամանակին հայտնի հայ մեծահարուստներ, քաղաքական և հոգևոր գործիչներ հրաժարվել են չնչին գումարով գնել և պահպանել ցեղասպանության գրեթե միակ լուսանկարչի գործերը, որի պատճառով նրա շուրջ երեք հազար ֆոտոնկար այսօր անհայտ կորած են համարվում։

Պ. Խզմալյանի և Պ. Քելեշյանի համատեղ հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչպես տարբեր երկրներում ծնված և տարբեր հասարակություններում ապրող իրական հայ մտավորականները նույն աշխարհահայացքն ու ընկալումներն ունեն պատմական և ներկա հայրենիքի վերաբերյալ, ինչպես նաև նույն դժվարություններն ու պայքարի կորովն ունեն իրենց հայրենանվեր գործում։

Երեկույթի հիմնական ուղերձներն էին՝

1. Եթե չլիներ Վեգների սխրագործությունը և իրական հումանիստի աշխատանքները՝ այսօր մենք ոչ մի տեսողական փաստացի ապացույց չէինք ունենա ցեղասպանության մասին՝ վերջինս վերածելով միայն մշուշոտ հիշողությունների վրա հիմնված անհավատալի պատմության։

2. Հայ ազգի համար Վեգների պայքարի լուսաբանումը՝ իր բացառիկ երկու նամակների ընթերցմամբ, ուղղված Միացյալ Նահանգների նախագահ Վուդրոու Վիլսոնին և Ադոլֆ Հիտլերին (որը նրան համակենտրոնացման ճամբար նետեց)։

3. Հայ նշանավոր գործիչների և մեծահարուստների պատմական և մինչ օրս շարունակվող հանցավոր անտարբերությունը ազգի ճակատագրի և ազգային հարստությունների պահպանման գործում։

4. Հայկական պատմության և արժեքների ներկայացման կարևորությունը միջազգային ամբիոններում։

ARLA-ն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում Պ. Խզմալյանին, Պ. Քելեշյանին, AAFMA և ASA UCLA կազմակերպություններին, ինչպես նաև հանդիսատեսին՝ անմոռանալի և նշանակալից երեկոյի կազմակերպման, օժանդակության և մասնակցության համար։

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.