Հայկական Վերածնունդ շարժման անդամ Սյուզան Պետրոսյանի ելույթը Մայիսի 16-ի հանրահավաքին – Armenian Renaissance  

Բարև իմ մտահոգ հայրենակիցներ,

Ինչպես նշվեց, ես Հայկական վերածնունդ Լոս Անջելոսի անդամ եմ և բնապահպանական հանձնաժողովի պատասխանատուն: Նաև Համահայական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ:

ԱՄՆ-ում լուրջ աշխատանքներ ենք տանում Հայաստանում տիրող իրավիճակը ներկայացնելու ուղղությամբ: Իրազեկման հարցում մեզ մեծապես օգնել է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» փաստագրական ֆիլմը, որը ցուցադրվել է մի շարք առաջնակարգ համալսարաններում: Ես արդեն հաղթանակ եմ համարում այն, որ Սփյուռքում բնակվող մեր երիտասարդները սկսել են ինքնակազմակերպվել և վերջերս ինքնուրո´ւյն նախաձեռնեցին կինոդիտումներ Նյու Յորքում և Կալիֆորնիայում:

Նաև սրա շնորհիվ է, որ Սփյուռքում մեծացել է հետաքրքրությունը ոչ միայն բնապահպանական, այլ նաև Հայաստանի այլ խնդիրների շուրջ՝ հատկապես քաղաքական ու քաղաքացիական շարժումների հանդեպ: Դեռ մեկ տարի առաջ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէր խնդիրների լրջության մասին:

Ես գիտակցում եմ, որ խնդիրները շատ խորքային են, և եկել եմ այն եզրակացության, որ իրական պայքարը հենց Հայաստանում է, պայքարող մարդկանց կողքին: Իմ գիտելիքները, ռեսուրսները, կապերը ես բերել եմ Հայաստան և կամավոր մասնակցում եմ ապագա Հայաստանի կառուցմանը: Ես նաև գիտակցում եմ, որ այս գործին առավելագույնս կարող եմ օգնել հաճախ գտնվելով Հայաստանում և ակտիվ գործունեություն ծավալելով: Անցել է խոսելու ժամանակը և մենք արդեն սկսել ենք գործել: Մենք ունենք մեր անդրանիկ օրինակը: Օրեր անց Սյունիքի Լիճք գյուղում մի շարք կարիքավոր, բազմազավակ և իր հողը սիրող գյուղացիներ առիթը կունենան զբաղվելու մեղվաբուծությամբ: Եթե մենք ուզում ենք ապրել ինքնիշխան Հայաստանում, նախ պետք է ունենանք լիարժեք առողջ ու ազատագրված գյուղ: Սա հրաշալի հնարավորություն է, որ հայ մարդը չլքի իր տունը, ապրի իր հայրենի հողի վրա և շենացնի Հայաստանը:

Մեր վերջնական նպատակն է տեսնել Լիճքի վերածնունդը, որը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով:

Այստեղ՝ կանգնած լինելով այս հարթակին, ես շրջապատված եմ անկոտրում մարդկանցով, ում կարող եմ վստահել և որոնց հետ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթանակ: Այո, Հայաստանն ունի ազատագրման կարիք, բայց նախ ինքներս պետք է ազատագրվենք՝ վախերից, անտեղյակությունից, անտարբերությունից, ստրկամտությունից: Ուրախ եմ, որ Նախախորհդարանը «Ազատագրում» հաղորդաշարը վստահեց ինձ և այս հաղորդումների ընթացքում մենք ներկայացնում ենք մարդկանց, ովքեր հաղթահարել են բոլոր ճնշումները և դուրս են եկել պայքարի:

Շատերս արդեն այստեղ ենք, և ունենք բազմաթիվ ընկերներ, որոնք մոտակա շաբաթներին կմիանան մեզ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Նրանք գալիս են միանալու կամավոր պայքարին և դառնալու առաջամարտիկ:

Հայկական Վերածնունդ շարժումը վերջերս ստեղծեց իր 10-րդ մասնաճյուղը Շվեդիայում և սա փաստում է, որ շարժումը ծավալվում է և ուժեղանում քանակապես և որակապես: Հայկական վերածնունդը այն կառույցն է Սփյուռքում, որը չի համագործակցում Հայաստանում իշխող ռեժիմի հետ և կանգնած է ժողովրդի կողքին:

Մենք վճռել ենք հաղթել: Եվ հասնելու ենք մեր նպատակին: Մենք ունենալու ենք մեր երազանքի Հայաստանը:

Սյուզան Պետրոսյան
Հայկական Վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղ
Մայիսի 16, 2014
Ք. Երևան

https://www.youtube.com/watch?v=xxgVTJVyB0g

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.