Հայտարարություն Լևոն Հայրապետյանին այսօր կալանքի տակ պահելու առիթով – Armenian Renaissance  

«Հայկական Վերածնունդ» շարժումը իր խորին մտահոգություն է հայտնում ռուսաստանաբնակ հայազգի գործարար, մեծ բարերար, հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին այսօր կալանքի տակ պահելու առիթով:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայնում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (նախկին ԿԳԲ) աշխատակիցները ձերբակալել են Լևոն Հայրապետյանին` յուրացման և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման կասկածանքով:

Հատկանշանական է, որ սույն թվականի հուլիսի 17-ից սկսած դատավարությունների ընթացքում պարզ դարձավ, որ «յուրացման» մեջ մեղադրելու որևէ հիմք չկա, քանզի յուրացումը տեղի է ունեցել (ըստ մեղադրող կողմի վկաների ցուցմունքների) մինչև Հայրապետյանի կողմից այդ պրոցեսներին ներգրավվելը, իսկ 2 վկաների՝ «փողերի լվացման» մեղադրանքի հիմք դարձած ցուցմունքները ոչ միայն իրարամերժ են, այլև այդ վկաներից մեկը, որն ի դեպ ուրիշ քրեական գործերով արդեն դատապարտված է ցմահ բանտարկության, խոստովանել է, որ իր ցուցմունքում առկա տեղեկություններն իրեն հայտնել է իր փաստաբանը:

Մինչդեռ չնայած ակնհայտ ապօրինություններին, Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում կայացրեց չբավարարել Լևոն Հայրապետյանի փաստաբանների բողոքը՝ նրա խափանման միջոցը փոխելու մասին: Լևոն Հայրապետյանին կալանավորելու որոշումը կայացվել էր Բասմանյան թաղային դատարանում: Այսպիսով երկու դատարանները կողմնակալ վերաբերմունքով ոչ միայն ոտնահարում են ՌԴ և միջազգային կոնվենցիայով հաստատված օրենքները, այլև վտանգում մի շարք ծանր հիվանդություններով տառապող մեր հայրենակցի կյանքը: Բանն այն է, որ Լևոն Հայրապետյանը տառապում է բազմաթիվ ծանր հիվանդություններով, որոնց առկայության դեպքում համաձայն ՌԴ կառավարության 2011թ. հունվարի 14-ի թիվ 3 հրամանով հաստատված <Ծանր հիվանդությունների ցանկի>՝ արգելվում է մարդուն կալանքի տակ պահելը: Այսինքն, շարունակել Լևոն Հայրապետյանին պահել կալանքի տակ ոչ այլ ինչ է, քան դաշնության օրենսդրության կոպտագույն խախտում:

Նրա ճակատագրով խիստ մտահոգ նրա բուժող բժիշկները ահազանգում են` երկարատև կալանքի տակ մնալը կարող է ճակատագրական լինել մեր հայրենակցի համար՝ ընդհուպ մինչև մահվան ելքով ավարտը:

ՌԴ իրավապահ մարմինների կողմից Լևոն Հայրապետյանին կալանքի տակ պահելով խախտվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ մարդու կյանքի իրավունքի մասին:

Լևոն Հայրապետյանը հայրական կողմով սերում է ղարաբաղյան Մելիք-Ջալալյանների հայտնի տոհմից, մայրական կողմով՝ հայ ականավոր զորահրամանատար եւ փիլիսոփա նախիջեւանցի Գարեգին Նժդեհի, մշտապես նեցուկ է եղել Հայաստանին ու, մասնավորապես, Արցախին աննախադեպ բարեգործություններով:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում այդ Մեծ մարդուն և կոչ անում ՀՀ համապատասխան մարմիններին շատ ավելի գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացու իրավունքների ակներև ոտնահարման դեմ, ապահովել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նրա ազատությունների ու իրավունքների վերականգնումն երկրի սահմաններից դուրս:

Հայկական Վերածնունդ Լոս-Անջելոս
Հայկական Վերածնունդ Մոսկվա
Հայկական Վերածնունդ Պրահա
Հայկական Վերածնունդ Լիբանան
Հայկական Վերածնունդ Բելգիա
Հայկական Վերածնունդ Շվեդիա
Հայկական Վերածնունդ Փարիզ
Հայկական Վերածնունդ Տորոնտո
Հայկական Վերածնունդ Գերմանիա
Հայկական Վերածնունդ Իտալիա
Օգոստոսի 25, 2014

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.