GevorgSafaryan3Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, Նոր Հայաստան շարժման մասնակիցները պատրաստվում էին նոր տարին Ազատության Հրապարակում դիմավորել տոնածառով: Թվում է, թե այստեղ արտառոց ոչինչ չկա: Սակայն ՀՀ իշխանություններն այս բնական և իրավաչափ գործողությունը դիմավորեցին անմարդկային և ապօրինի վայրագությամբ: Այն դեպքում, երբ հանրապետության բոլոր վայրերում, ինչպես նաև ողջ աշխարհում տոնածառներ էին տեղադրված՝ ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով արգելեց Նոր Հայաստանին փոքրիկ տոնածառ տեղադրել Ազատության Հրապարակում:

Ոստիկանները, որոնցից մի մասը եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ չբավարարվելով տոնածառը հափշտակելով և այն կոտրատելով, կամայականորեն և առանց օրինական հիմունքների հարձակվել և ծեծի են ենթարկել մի շարք ակտիվիստների: Այնուհետև բերման են ենթարկել ծեծի ենթարկված քաղաքացիների, որոնցից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին, քրեական մեղադրանք են ներկայացրել և մինչ այժմ պահում են կալանքի տակ: Օրինազանց ոստիկաններից և ոչ մեկը պատժի և պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նրանցից ոմանք ընդդիմության նկատմամբ իրենց ատելությունը շարունակել են արտահայտել սոցիալական ցանցերում՝ վիրավորանքներ և սպառնալիքներ տարածելով Նոր Հայաստանի մասնակիցների նկատմամբ:

Ակնհայտ է, որ տոնական օրով, հարբած ոստիկանների մասնակցությամբ սադրիչ գործողություններ ձեռնարկելով և ընդդիմադիր քաղաքացիների բերման ենթարկելով ու կալանավորելով, ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընդդիմության նկատմամբ քաղաքական ահաբեկում են իրականացնում: Փորձ է արվում բռնաճնշել Նոր Հայասատան շարժումը՝ վերջինիս սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու և շարունակաբար իշխանությունների հրաժարականը պահանաջելու պատճառով: Սակայն այս անգամ ոստիկանությունը հատկապես աչքի ընկավ իր լկտիությամբ՝ սադրանքը կազմակերպելով Ամանորի նախօրեին և որպես պատրվակ ընտրելով ոչ այլ ինչ, քան տոնածառի տեղադրումը:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի քաղաքական հետապնդումները Նոր Հայաստան շարժման նկատմամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին: Այն ժամանակ, երբ Հայաստանը ակամա գտնվում է նախապատերազմական կարգավիճակում, ՀՀ ոստիկանության սադրանքները, ապօրինի ձերբակալությունները և ատելության անթաքույց արտահայտությունները անկայունություն են սերմանում հասարակությունում, որն առանց այն էլ գտնվում է լարված վիճակում՝ սոցիալ տնտեսական ծանր պայմանների հետևանքով: Սա ոչ միայն անպատասխանատու վարվելակերպ է, այլ նաև հակապետական արկածախնդրություն:

Հայաստանը ոտնակոխ է արել արտաքին և ներքին վտագներով լի շրջան: Ընտրակեղծիքները, պետական և իրավապահ մարմինների շարունակական ապօրինությունները և համատարած անարդարությունները ոչ միայն ստեղծել են իշխանության նկատմամբ բացարձակ անվստահություն և անհանդուրժողություն, այլ նաև հուսահատ անձանց շրջաններում առաջացնում են ինքնադատաստանի մտայնություններ: ՀՀ իշխանություններին կոչ ենք անում սթափվել, վերադառնալ օրինական դաշտ և ժողովրդի հետ վերջին կամուրջները չայրել՝ քանի դեռ ուշ չէ: Այս առումով Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելը կարող է հանդիսանալ բարի կամքի դրսևորում և սկիզբ դնել ոստիկանության նկատմամբ վստահության վերականգնման:

«Հայկական Վերածնունդ» կազմակերպություն

Հունվարի 4, 2016

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.