«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:

– Պարոն Ոսկերիչյան, Հայաստանում քաղաքական ուժերը չեն կարողանում կայանալ, հարթակում կանգնածներն էլ չեն կարողանում հանրային մոբիլիզացիա իրականացնել: Որտե՞ղ եք տեսնում խնդիրը:

– Հավանաբար ընդդիմադիրները ինչ-որ տեղ մեղք ունեն, որ չեն կարողանում հանրությանը մոբիլիզացիայի ենթարկել, բայց մեղքը միայն նրանցը չէ: 20 տարուց ավելի է, ինչ  իշխանությունները պետությանը հարվածում են՝ քվեներ կեղծելով, ինչպես անամոթաբար արեցին հանրաքվեի դեպքում: Դրսում չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես են ճնշում համակիրներին: Զորօրինակ՝ Գևորգի ձերբակալությունը: Պետության ադմինիստրացիան իր հանցանքն ունի այն հարցում, որ ընդդիմախոսները չեն կարողանում մոբիլիզացիա ապահովել:  Երկրում վախի մթնոլորտ է: Շատերին եմ ճանաչում, որ վախենում են աշխատանքը կորցնել, և ամեն տեսակի ճնշում բանեցնում են: Պատկերացնո՞ւմ եք՝ Ֆրանսիայում ապրող հայաստանցիներին նույնպես ճնշում են, ասում են՝ քույրդ, հայրդ, եղբայրդ աշխատանքից կհեռացվեն, եթե գնաս «Հայկական վերածնունդի» ցույցերին:

– Անկախ ամեն ինչից՝ մենք տեսնում ենք, որ հնարավոր չի լինում համախմբել անգամ Սփյուռքին: «Հայկական վերածնունդի» ակցիաներին մի քանի հոգի են մասնակցում:

– Խնդիրն այն է, որ «Հայկական վերածնունդի» պայքարը տարբեր երկրներում նոսրացած գաղութների դեմ է, մենք ուզում ենք շարժել դասական Սփյուռքը, որ վաղուց է հաստատված, բայց, ցավոք սրտի, դասական Սփյուռքի ղեկավարները Հայաստանում են գտնվում և գործարքի մեջ են Հայաստանի երրորդ չընտրված նախագահի և իր կազմակերպության հետ: Իրենք միշտ յոլա են գնում Հայաստանից եկած հրամաններով: Գրեթե երկու տարի է, ինչ մենք գոյություն ունենք Սփյուռքում, մենք կարողացել ենք ճեղքել պատը, բայց դեռ այն հանգրվանին չենք հասել, որ իրենք էլ շարժվեն մեզ հետ: Այսօր չկա որևէ սփյուռքահայ, որ տեղյակ չէ Հայաստանի իրական կացությանը, Հայաստանի ժողովրդի չարչարանքներին, մենք այս բլոկադան ճեղքել ենք, բայց նրանք միշտ ենթարկվում են իրենց ղեկավարներին: Օրինակ՝ նախկին դաշնակցական ընկերներ ունեմ, որոնք մեզ չեն միանում, քանի որ այդ կերպ պետք է իրենց դուրս դնեն կուսակցությունից: Բացի այդ, այստեղ էլ գաղութի ղեկավարների կողմից ճնշում կա:

– Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր իշխանությանը հեռացնել, եթե իշխանությունը իր բոլոր քայլերով ավելի է ամրապնդում և երկարաձգում իր իշխանությունը:

– Կարծում եմ՝ եթե ռեժիմը այսպես ճնշելով շարունակի, ինչպես Գևորգին ծեծելով և բանտարկելով, սա մինչև կոկորդը կհասնի, և այդ ժամանակ  ժողովուրդն անպայման կպոռթկա:

– Բայց չէ՞ որ մինչև հիմա էլ ձերբակալություններ են եղել, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանին և ընկերներին երբ ձերբակալեցին, հանրությունը նորից լռեց: Արդյոք այս անգամ այլ մոտեցո՞ւմ կցուցաբերի իշխանությունը:

– Պարոն Սեֆիլյանն ինքն էր ասում, որ փնտրում է հանրությանը մոբիլիզացնելու բանալին: Իմիջիայլոց, դեկտեմբերի 1-ի հանրահավաքը լավն էր, բավականին մարդ կար, բայց սպասվածի չափ չէր, որ կարողանան մի բան անել:

 – Նկատի ունեք հեղափոխության համա՞ր սպասված թվով մարդիկ դուրս չեկան:

– Այո, ինձնից լավ գիտեք՝ ճանապարհները փակեցին, որ մարդիկ չկարողանան Երևան գալ, բայց ի հեճուկս դրա՝ շատ մարդ հավաքվեց, թեև ոստիկանները ավելի շատ էին, Հայաստանի բոլոր ոստիկանները հավաքվել էին Երևանում:

– Ինչո՞վ եք բացատրում հանրության անվստահությունն ընդդիմության նկատմամբ:

– Կարծում  եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ընտրված ժամանակ ժողովրդին հուսախաբ արեց, դա պետք է ընդունենք, բայց հիմա իր պայքարելու ոճը՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների հետ մարզեր գնալը, լավ նշան է, և եթե նա երկու տարի առաջ միացած լիներ Ժիրայրին, մենք երկու տարի շահած կլինեինք: Եթե այն ժամանակ 30-40.000 մարդ հավաքվեր, այդ ժամանակ կարող էինք մի բան անել: Համենայնդեպս, ժողովուրդը չասեմ՝ հուսախաբություն, բայց հավատը կորցրել է ընդդիմադիրների նկատմամբ: Սա Հիմնադիր խորհրդարանի մասին չէ, քանի որ Հիմնադիր խորհրդարանը նորմալ պայմաններից դուրս է աշխատում: Բայց ես չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանին, երբ ասում է՝ մենք պատրաստ չենք գնալու. ինչու է նա այդպես ասում: Բացի այդ, նա ի՞նչ հավաստիք ունի, որ այս ռեժիմի մեջ, որը մեծամասշտաբ կեղծիքներով խեղաթյուրում է հանրաքվեն, երկու տարի հետո, նույնիսկ եթե ինքը ունենա յուրաքանչյուր ընտրատեղամասում վստահված անձ, պետք է կարողանա որևէ բան փոխել: Ես դրան բացարձակապես չեմ հավատում:

– Իսկ ավելի ազնիվ չէ՞, որ ի սկզբանե հայտարարում է, որ չի տանի մարդկանց պարտության, չի հուսահատեցնի:

– Շատ լավ, բայց թող փորձի:

– Պարոն Ոսկերիչյան, գրեթե մեկ տարի առաջ Հայաստանի օդանավակայանից չթողեցին Ձեզ դուրս գալ, և ԱԱԾ-ն Ձեզ հետ ուղարկեց Ֆրանսիա՝ առանց որևէ բացատրության: Հիմա ո՞ր փուլում է գտնվում Ձեր գործը, արդյոք Գորիկ Հակոբյանը արձագանքե՞ց Ձեր նամակին:

– Իմ բաց նամակին այդպես էլ Գորիկ Հակոբյանը չպատասխանեց, բայց պատասխանել է Արթուր Սաքունցի և օմբուդսմենի դիմումներին: Ես հիմա ստացա թարգմանությունն այդ պատասխանների: Անհեթեթ պատասխաններ են: Մի տեղում ասում են, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ին ասել են, որ իմ հատուկ կեցության ժամկետը անցել է, բայց չէ՞ որ ես չունեմ հատուկ կեցության թղթի անհրաժեշտություն Հայաստան մտնելիս, իմ ֆրանսիական անձնագիրը լիովին բավարար է Հայաստան մտնելու համար: Սաքունցին և օմբուդսմենին պատասխանել են, որ սա պետական գաղտնիք է, և Հայաստանի անվտանգությանը սպառնում է Ֆրանսիայում: Պատասխանում նշված է, որ արգելքն անժամկետ է, մինչև կյանքիս վերջը չեմ կարող գալ Հայաստան, քանի դեռ այս իշխանություններն են:

Աղբյուր՝ http://www.1in.am/1812983.html

 

Paris Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.