«168 Ժամի» զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը:

«Քանի դեռ ՀՀ-ն կախված է Մոսկվայում ընդունվող որոշումներից, հայ-եվրոպական համագործակցությունը չի բերի լուրջ հետևանքների»


– Պարոն Առաքելյան, Ձեր հարցազրույցներում մշտապես հիմնավոր պատճառներ եք ներկայացնում, թե ինչու եվրոպացի գործարարը հետաքրքրված չէ ՀՀ-ում ներդրումներ կատարելու հեռանկարով։ Օրերս, ի թիվս այլ հարցերի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ներդրումների թեմային և հայաստանյան շուկան ներդրողի համար ավելի գրավիչ դարձնելու հարցին։ Այս խոստումը գործարարին վստահություն կներշնչի՞ Հայաստանում ներդրում անել, որքանո՞վ են այս պնդումները, ըստ Ձեզ, արժանահավատ։

– Բանն այն է, որ գործարարներին, յուրաքանչյուր տարածաշրջանում ներդրում անելիս, առաջին հերթին` հետաքրքրում է այն իրավատնտեսական մթնոլորտը, որը տիրում է հանրապետությունում։ Այլ կերպ ասած` բիզնեսմենը պետք է վստահ լինի, որ տնտեսական դաշտի բոլոր մասնակիցներն ունեն հավասար իրավունքներ, պարտականություններ և, ամենակարևորը, պաշտպանված են օրենքի կողմից։ Ցավալի է, բայց այսօր Հայաստանում այն կառույցները, որոնք կոչված են իմ թվարկածն ապահովելուն, չեն գործում։ Ընդհակառակը, այն որոշումները, որոնք ընդունվել են իշխանության կողմից վերջին երկու տարվա ընթացքում, միայն խթանել են ներդրումների արտահոսքը Հայաստանից։ Իսկ ինչ վերաբերում է իշխանավորների խոստումներին, ապա հարկ է նշել, որ միջազգային ներդրումային կառույցները նման հայտարարությունները գրեթե աննկատ են թողնում։

– Ձեր կարծիքով` Հայաստանը ԵՏՄ կազմում կարո՞ղ է արդյոք եվրոպացի ներդրողի համար գրավիչ լինել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է ռուսական տնտեսական բացասական զարգացումների ազդեցության ու վտանգի ներքո։ Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը նշել է, որ այս տարի բարդ է լինելու, և Հայաստանը նոր շուկաներ պետք է փնտրի։

– Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտը դեռ նոր է մտնում այն ճգնաժամի մեջ, որն իրեն սպասվում է, քաշելով իր ետևից Հայաստանին ևս։ Եվ ես համամիտ եմ տիկին Սանչեսի հետ, որ Հայաստանը պետք է նոր տնտեսական ուղիներ փնտրի։ Դրա ապացույցն է նաև այն փաստը, որ ԵՏՄ պայմանագիրն ընդունելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը նվազել է շուրջ 40%-ով։

– Պարոն Առաքելյան, օրերս ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի բանակցությունների շրջանակում սկսվել են բանակցությունները առևտրի և ներդրումների շուրջ։ Այս համաձայնագրի հստակեցումից և հաստատումից հետո, հաշվի առնելով ՀՀ ԵՏՄ անդամակցությունը, ի՞նչ պետք է ակնկալել, որ լինելու են և՛ եվրոպական, և՛ եվրասիական չափանիշնե՞ր։

– Գիտեք, փաստացի իրավիճակն այնպիսին է, որ ԵՏՄ պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանը զրկվեց որևէ ինքնուրույնությունից բազմաթիվ բնագավառներում, ասեմ ավելին, ստորագրված փաստաթղթում հստակ նշված չէ այդ պայմանագրից Հայաստանի դուրս գալու կամ իրավունքների ընդլայնման հնարավորությունը։ Ուստի, դրանից ելնելով, ԵՄ-ի հետ որևէ լուրջ տնտեսական համագործակցության մասին խոսելը պարզապես անհիմն է։ Եվրոպական միությունը պարզապես փորձում է Հայաստանին չհեռացնել իրենից, իսկ հայ իշխանավորները հերթական ֆինանսական օգնության հույսերն են փայփայում։ Եվ քանի դեռ Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ վերոհիշյալ պայմանագրով և դե ֆակտո կախված է Մոսկվայում ընդունվող որոշումներից, ոչ մի լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքի հայ-եվրոպական համագործակցությունը չի բերի։

– Պրահայի հայ համայնքը վստահաբար ՀՀ-ԵՄ հարաբերությունների կողմնակիցն է։ ՀՀ-ն ու ԵՄ-ն սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ, որը կփոխարինի Ասոցացման համաձայնագրին։ Որքանո՞վ լուրջ փաստաթուղթ, ըստ Ձեզ` կարելի է ակնկալել` հաշվի առնելով ռուսական գործոնը։

– Ինչպես գիտեք, Չեխիայի հայ համայնքն ընդամենը 25 տարվա պատմություն ունի։ Ուստի շատերը տեղափոխվել են այստեղ Ռուսաստանից, հատկապես` վերջին ժամանակաշրջանում, և քաջ ծանոթ են այն իրավատնտեսական մթնոլորտին, որը տիրում է Ռուսաստանում, համեմատելով այն Եվրոպայում ստեղծված հնարավորությունների հետ։ Կարծում եմ, որ եվրակողմնակցության գործոնը հիմնվում է հենց այդ փորձի վրա։ Իսկ փաստաթղթի լրջությունն ուղղակիորեն կապված կլինի Հայաստանում հնարավոր փոփոխությունների լրջության հետ։

– Հնարավո՞ր է` այս համաձայնագիրը ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար վստահության երաշխիք դառնա ներդրողների համար։

– Կարծում եմ, որ ԵՄ-ի հետ յուրաքանչյուր պայմանագիր իր դրական ազդեցությունը կունենա, բայց, ինչպես նշեցի, առանց տնտեսաքաղաքական վերանայումների և հաշվի առնելով այն լարվածությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում, ներկայումս Հայաստանը ներդրումային հետաքրքրություն չի կարող առաջացնել, իսկ ամենացավալին, որ հանրապետությունը ներկայացնող քաղաքական էլիտան այդ խնդիրը լուծելու ունակությունից զուրկ է։

Աղբյուրը

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.