«Բացեք իմ ճանապարհը հայրենիք». Հայաստանից արտաքսված քաղաքական գործիչ Շ. Ոսկերիչյանի դիմումը Գ. Կուտոյանին – Armenian Renaissance  


Ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերիչյանը բաց նամակ է հղել ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգ Կուտոյանին՝ առաջարկելով վերանայել ԱԱԾ նախկին տնօրենի որոշումը, որով արգելվում է իր մուտքը դեպի ՀՀ: Նամակում մասնավորապես  ասվում է.

«Հարգելի պարոն Կուտոյան՝ Ձեր այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխանցում եմ բարեմաղթանքներս եւ Ձեր ուշադրությանը ներկայացնում ինձ պարտադրված անօրինական կարգավիճակը: 2015 թվի մայիսի 21-ին, առանց որևէ հիմնավորման, Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ մուտքն հայրենիք արգելվեց: Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ «բանտարկելուց» հետո, կամքիս հակառակ Հ.Հ. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ինձ նույն ինքնաթիռով վերադարձրին Փարիզ: Զվարթնոցի տանջալից ժամերի ընթացքում անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որը տրվեց Զվարթնոցում, անհարիր էր 21-րդ դարի ժողովրդավարության բոլոր նորմերին: «Վերևից հրաման կա, Ձեր մուտքը Հայաստան արգելված է»,- հայտարարեց անվտանգության աշխատակիցը և ինձ ուղեկցեց վերադարձի օդանավ:

Ինձ համար մինչեւ օրս հասկանալի չէ՝ իմ մուտքը Հայաստանի Հանրապետություն ինչո՞ւ արգելվեց եւ ինչո՞ւ մինչեւ հիմա չկա որեւէ հիմնավորում: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ ԱԱ Ծառայությանը՝ պահանջելով կամ հիմնավորել մուտքի արգելքը, կամ չեղարկել այդ անօրինական որոշումը, բայց ապարդյուն՝ բոլոր հարցումները մնացել են անպատասխան: Սփյուռքի տարբեր գաղթօջախներ տեղեկանալով՝ խիստ դատապարտում են նման անօրինական վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ եւ փոխում իրենց կարծիքը Հայաստանի ներկա իշխանության եւ հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ՝ համարելով այն իշխանական լծակ իրենց ոչ համակիր մարդկանց ճնշելու համար: Եթե դա այդպես չէ, ապացուցեք, բացեք իմ ճանապարհը հայրենիք: Ես դիմում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ որպես ԱԱԾ-ի նոր պետ, որ Դուք կպատասխանեք եւ կապացուցեք, որ Հայաստանում դեռ կա արդարադատություն եւ ես կկարողանամ ազատ այցելել իմ շատ սիրելի հայրենիք»:

Շանթ Ոսկերիչյան,

Ֆրանսիա, Փարիզ

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.