«Այն ֆինանսները, որ ստանում են սփյուռքից, կրճատվելու է, շատ մարդիկ հիասթափված են Դաշնակցության գործունեությունից»


Այսօր ամրագրվեց ՀՀԿ-ՀՅԴ առաջիկա համագործակցությունը փաստաթղթով: Շատ շուտով արդեն ՀՅԴ անդամները կզբաղեցնեն պաշտոնական կաբինետները, իսկ սփյուռքի որոշ գործիչների մեկնաբանությամբ դրանից հետո արտերկրի որոշ կառույցներ կդադարեն ֆինանսավորել ՀՅԴ-ին՝ ՀՀԿ-ի հետ անցանկալի միություն կազմելու համար:

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդի» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ, ՀՅԴ-ն լքած գործիչ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, հետաքրքիր է, թե Հայաստանից դուրս Սփյուռքի գաղթօջախներում ինչպե՞ս են վերաբերում ՀՅԴ–ի՝ իշխանության հետ միություն կազմելու ծրագրին: Դուք որպես նախկին դաշնակցական առիթ ունեք նաեւ շփվելու ՀՅԴ ընկերների հետ, ովքեր ՀՀ-ից դուրս են ապրում եւ գործում:

-Դաշնակցության համագործակցությունը ՀՀԿ-ի հետ ինձ համար անսպասելի չէր, քանի որ Դաշնակցությունը դեռ 1998 թվականից սկսած գտնվում էր կոալիցիայի մեջ, ուներ նախարարներ, մարզպետներ եւ այլ պաշտոն վարող անդամներ: Այսինքն, ՀՀ-ում Դաշնակցությունը չուներ իր սեփական կեցվածքը քաղաքական դաշտում: Սփյուռքն այս համագործակցությունն ընդունեց ոչ միանշանակ, անտեղյակ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ինչ կատարվեց: Կուսակցության մեջ գտնվողների մեծամասնությունը դեմ է այս գործելակերպին, իսկ մնացած հատվածի վերաբերմունքն այն է, որ Դաշնակցությունն ապացուցեց, որ հեռացել է ազգային արժեքներ կրող կուսակցություն լինելուց, եւ եթե 90-ականներին պատիվ էր մեկին դաշնակ անվանել, ապա այսօր հավասարազոր է հայհոյանքի:

-Հիմնականում ՀՀ-ում ՀՅԴ-ին ֆինանսավորողն արտերկրի կառույցներն են: Հետաքրքիր է, ՀՀ-ում գործող ՀՅԴ-ականներն ինչպե՞ս են այդ կառույցներին ֆինանսավորում, ճի՞շտ են, եւ արժե՞ համագործակցել հանցավոր այն կառավարության, հանցավոր նախագահի հետ, որին մի ժամանակ քննադատում էին:

-Դաշնակցության բոլոր կառույցներին ՀՅԴ բյուրոն ենթարկել է ինֆորմացիոն շրջափակման: Շատ անդամներ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում, իսկ տեղեկացվածներից շատերն էլ չեն ընդունում կատարվածը, բայց եւ չեն խոսում:

Այս համագործակցությունն ընդունելի է միայն այն անդամների համար, ովքեր երկար ժամանակ ինչ-որ պաշտոն են զբաղեցնում տարբեր կառույցներում եւ անվերապահ ենթարկվում են բյուրոյին կամ բյուրոյի ներկայացուցիչներին:

Այն ֆինանսները, որ ստանում են սփյուռքից, կարող եմ ասել, որ կրճատվելու է, շատ մարդիկ հիասթափված Դաշնակցության գործունեությունից՝ մասնակից չեն լինելու ֆինանսավորող որեւէ ծրագրի:

Կարճ ասած՝ եթե դեռ հույս ունեն ստանալու սփյուռքի աջակցությունը, թող մոռանան, սփյուռքը չի վստահում ոչ ՀՀԿ-ին եւ ոչ էլ Դաշնակցությանը:

Բոլորն էլ հասկացել են, որ գումարների մեծ մասը յուրացվում է:

ՀՅԴ-ն հենվում է հատկապես Նոր սահմանադրության փոփոխությունների վրա՝ ասելով, որ այս սահմանադրությունը բարելավելու է պետության եւ ժողովրդի վիճակը: Իմանալով հանդերձ, որ սփյուռքը լավ գիտի հանրաքվեն կեղծելու մասին, փորձում են ամեն ձեւով արդարացնել Սահմանադրության ընդունումը, բայց չի հաջողվում:

-Հիմա կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կառույցները մերժում են ՀՅԴ-ի ֆինանսավորումը, այդ տեղեկություններն իրակա՞ն են:

-Ես չունեմ հավաստի տեղեկություններ այդ մասին: Ըստ այդմ ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց:

Բայց այն, որ ներքին խռովություններ կան շարքերում, դա հաստատ:

 Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Աղբյուրը

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.