«Մեր ինչի՞ն են պետք այն անիծյալ իշխանավորները, որոնք պետությունից գողացած գումարներով միլիարդներ են դնում իրենց գրպանը» – Armenian Renaissance  

2015թ. մայիսից արգելված էր Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ Շանթ Ոսկերիչյանին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ առանց նշելու որևէ պատճառ: Առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման նրան վերադարձրել էին Ֆրանսիա: Որից հետո Շանթ Ոսկերիչյանը տևական ժամանակ պայքարեց իրավական հարթությունում և դիվանագիտական մակարդակում՝ պահանջելով հստակ բացատրություն, թե ինչն են հիմք ընդունում նրա՝ Մայր Հայրենիք մուտքն արգելելու համար:

Ոսկերիչյանը հայտարարում էր, որ պատրաստ է միջազգային հարթություններում ևս այս խնդիրը բարձրացնել, սակայն նրա՝ Հայաստան մուտքի արգելքը չեղարկվեց, և հիմա Շանթ Ոսկերիչյանն արդեն Հայաստանում է:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Շանթ Ոսկերիչյանի հետ:

-Պարոն Ոսկերիչյան, ի վերջո ձեզ համար բացահայտվեցի՞ն այն պատճառներն, ըստ որոնց ձեր գործունեությունն ԱԱԾ-ն համարում էր ապառնալիք ազգային անվտանգությանը, և ի՞նչ պատճառով էր ձեր մուտքը Հայաստան անժամկետ արգելված:

– Ինձ համար մինչև հիմա էլ բացահայտված չեն այն պատճառները, որոնք արգելք էին հանդիսանում, որպեսզի մուտք գործեի Հայաստան: Այդ որոշումը կատարված էր կամայական ձևով, առանց որևէ հիմքի, և հիմա էլ դարձյալ կամայական ձևով այդ որոշումը փոխեցին: Ես վստահ եմ, որ այն մեղադրանքը, թե իբրև ես սպառնում եմ Հայաստանի անվտանգությանը, լրիվ անհեթեթություն էր, այդ իսկ պատճառով էլ նրանք գիտակցեցին իրենց սխալը: Եվ եթե նրանք այդ դիրքորոշումը երկար պահպանեին, ես անկասկած դիմելու էի Եվրոդատարան, ուղղակի ես չէի ուզում միջազգային ֆոնի վրա ցածրացնել Հայաստանի համբավը: Սակայն նրանք որքան էլ փորձեցին իմ մուտքը Հայաստան արգելել, միևնույն է, իմ հոգու և սրտի մեջ եղած մարտական ոգին չկարողացան մարել:

-Ի՞նչ տրամադրվածություն ունեք, ի՞նչ անելիքներ եք պլանավորել առաջիկայում:

-Զինվորական պատրաստվածություն չունեմ, առաջնագծում էլ շատ հերոս տղաներ կան կռվող, բայց ես ամեն ձևով պատրաստ եմ օգնելու իմ հայրենիքին և մեկնել առաջնագիծ: Սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հետ միասին մենք ապրիլի 30-ին ցույց կազմակերպեցինք Փարիզում Իսրայելի և Ռուսաստանի ԱԳ նախարարության առջև քննադատելու համար այն հանգամանքը, որ զենք են վաճառում մեր թշնամուն՝ Ադրբեջանին, որը ցանկանում է աշխարհից բնաջնջել հայ ժողովրդին: Սփյուռքի «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը լիովին աջակցում է «Շուշիի առանձնակի գումարտակին»: Ես և իմ սփյուռքահայ ընկերները նույնպես այդ գումարտակի անդամ ենք դառնալու: Ես չեմ ցանկանում, որպեսզի կրկին տարածքներ կորցնենք, «մեծն զինվորների» արյունը դեռ չի չորացել: ՀՀ նախագահն ինչպե՞ս կարողացավ կորցրած 800 հա տարածքներն անվանել անվտանգության գոտի՝ ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ… ես զարմանում եմ, անուղեղ արտահայտություններ եմ դրանք համարում: Միայն Սերժ Սարգսյանն է մեղավոր մեր զինվորների թափած արյան համար, եթե նրա համար այդ տարածքները կարևոր չէին, ապա մեր տղաների, մեր ժողովրդի համար կարևոր էին դրանք: Եթե նախագահի համար 100 զինվոր է զոհվել քառօրյա պատերազմի ժամանակ, ապա ինձ համար 100 հազար զինվոր է զոհվել:

-Ղարաբաղյան հակամարտության լուծման ինչպիսի՞ ելք եք տեսնում: Ո՞րն է իրատեսական, բանակցությունների միջոցով հնարավո՞ր է հասնել խնդրի կարգավորմանը, թե՞ տարիների փորձն արդեն ցույց է տվել, որ Ադրբեջանն այդ լեզուն չի հասկանում:

-Բացարձակապես չեմ հավատում այդ բանակցություններին, արդեն 25 տարի է, ինչ շարունակվում են այդ բանակցությունները, սակայն ոչ մի արդյունք, խնդիրը կրկին կա ու կա: Համարյա ամեն շաբաթ մի զինվոր էինք կորցնում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:

Երբ մեր զորքերը հարձակողականի են անցնում, վերևից անպայման կասեցնում են, 1994 թվականից մինչև հիմա այդպես է եղել: Մեր երկրի ղեկավարները պետք է իրենց ուղեղների մեջ մի բան մտցնեն, կարողանան պահպանել իրենց շահերը, ոչ թե անընդհատ սպասեն վերևից հրամանի: Մեր ինչի՞ն են պետք այն անիծյալ իշխանավորները, որոնք պետությունից գողացած գումարներով միլիարդներ են դնում իրենց գրպանը, երբ կարող են այդ գումարներով հազար անգամ ավելի լավ պաշտպանվել և թշնամուն հողին հավասարեցնել:

Այս խնդիրն ունի միայն ռազմական լուծում, և եթե մենք հիմա այդ քայլը չանենք, մի քանի տարի հետո այլևս այս ուժը չենք ունենա: Եթե նույնիսկ հզոր բանակ էլ ունենանք, միևնույն է, հաջողությունների հասնելը դժվար կլինի, քանի որ մենք թիկունք չենք ունենալու: Մենք պետք է համարենք, որ դաշնակից չունենք, իսկ Ադրբեջանն ինչ ստոր քայլ էլ որ կատարի, միևնույն է, թիկունք ունենալու է: Այս խնդրին պետք է անհապաղ լուծում տալ, որ մեր ժողովուրդը հանգիստ ու առանց մտավախությունների ապրի:

Եվ եթե կցանկանաք իրականն իմանալ, ապա ասեմ, որ Հայաստանը պետք է վաղուց ճանաչած լիներ Արցախի անկախությունն, ամեն անգամ Հայաստանի նախագահն ասում է, որ երբ հաջորդ անգամ թշնամին հարձակում գործի, կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Բայց դրանք մնում են ուղղակի որպես խոսքեր, ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել:

Հարցազրույցը՝ Արաքսյա Հակոբյանի (ԳԱԼԱ ՀԸ)

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/151173/

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.