ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական Վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների կողմից ՊՊԾ գնդի գրավումից 4 օր է անցել, եւ իրավիճակը երկրում գնալով էլ ավելի է սրվում, լարվածությունն օրեցօր ակնհայտ է դառնում: Այս ամենի ֆոնին իշխանությունները լռում են, չեն արձագանքում իրավիճակին, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պատճառով:

-Սովորաբար այսպիսի դեպքերում արձագանքում է այն իշխանությունը, որն ընտրված է ժողովրդի կողմից, երբ ապստամբությունն անհասկանալի պատճառներով եւ անսպասելի է տեղի ունենում, բայց Հայաստանի պարագայում անսպասելի եւ անհասկանալի պատճառներ չկան, իսկ  ապստամբներից  շատերը մեր ազգի լավագույն զավակներն են, ովքեր  վաստակել են ժողովրդական հերոսի կոչում:  Չեն արձագանքում, քանի որ չգիտեն իրենք ով են եւ չունեն վստահության գոնե մի նշույլ, և չկա մեկը, ով իր վրա կվերցնի բանակցելու և սուտ խոստումներ տալու պատասխանատվությունը:  Ընդհանուր հաշվով մենք սեփական իշխանություն չենք ունեցել, իսկ եղածն էլ իրենց ապազգային և ապաշնորհ գործունեությամբ հասցրեցին ծայրահեղ քայլի: «Սասնա ծռեր» ապստամբ խումբն, օգտվելով զինված ապստամբության սահմանադրական հնարավորությունից, ստիպված գնաց այդ քայլին:

Իշխանական կողմն իր ամբողջ ռեսուրսն ուղղել է խմբի անդամներին ներկայացնելու որպես ահաբեկիչ, որն իրենց չի հաջողվի, քանի որ ժողովրդի համար առաջին ահաբեկիչներն իրենք՝ իշխանություններն են, իսկ խմբի տղաները՝ հերոսներ:

-Դարձյալ բախում տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ, ապա ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրեց ցույցը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է հարկավոր անել այս իրավիճակում, փաստորեն ամեն քայլի դիմում են իշխանությունները մարդկանց ահաբեկելու, վախեցնելու համար, որ պայքարի դուրս չգան:

-Պատճառը նորից նույնն է՝ այս իշխանություններ կոչվածը լեգիտիմ չէ և չունի այլ միջոց, քան ժողովրդին ահաբեկության միջոցով ճնշել:  Ճնշումներից խուսափելու համար կա մեկ միջոց, որը կբերի ցանկալի արդյունքի ժողովրդի համար. դա չվախենալ, համախմբվելն է, որը  կստիպի ուժային կառույցներին նահանջել, և իշխանությունն  ուրիշ ելք չի ունենա, քան հեռանալ:

-ՊՊԾ գնդի տարածքը շարունակում է պաշարված մնալ, ճիշտ է՝ խոսվում է, որ իշխանությունների հետ բանակցություններ են ընթանում խնդրի հանգուցալուծման համար, սակայն ակնհայտ է, որ տեղաշարժեր չկան: Ո՞րն է լինելու այս ամենի ելքը:

-Բանակցություններ ընթանում են, թէ չէ, ես տեղյակ չեմ:  Բայց բանակցելու ամենալավ միջոցը Ս. Սարգսյանի հրաժարականն է, որը կբերի խաղաղ հանգուցալուծման:

-Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն նահանջում, հասարակական ընդվզո՞ւմն է թույլ, թե՞ այլ խնդիր կա:

-Կարծում եմ խնդիրներ կան,  առաջին՝ ահաբեկության ու վախի մթնոլորտն է իշխանությունների կողմից, որի արդյունքում ձերբակալվում են անմեղ մարդիկ: Երկրորդ՝ ճանապարհների փակ լինելն է, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, որի արդյունքում մարդիկ չեն կարողանում Երևան հասնել: Երրորդ՝ մեր հասարակությունը դեռ ամբողջությամբ չի ընկալել կատարվող իրադարձություններն ու սպասվելիք արդյունքները:

Նաև ծպտյալ ոստիկանները, ովքեր սադրում են ցույցերը, ժողովրդի մոտ նորից գլուխ է բարձրացնում անվստահությունը:  Ցավոք, նաև կան մարդիկ, ովքեր օգտվելով առիթից՝ ցույցերի  նպատակն ուղղորդում են ուրիշ ուղղությամբ:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը վաղը Ստրասբուրգում հրավիրել է մեր ժողովրդին  զորակցության   մեծ մասշտաբի հանրահավաք, որտեղ բանախոսները  կներկայացնեն սփյուռքի զգալի մասի վերաբերմունքն ու դիրքորոշումը ներկա իրադարձությունների վերաբերյալ:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

 

Աղբյուր

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.