Lragir.am-ի զրուցակիցն է «Հայկական Վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը

Պարոն Առաքելյան, ըստ Ձեզ՝ Հայաստանի ապագաղութացման համա՞ր է Սասնա Ծռերի պայքարը: Վարուժան Ավետիսյանը շարունակում է նման շեշտադրումներով հայտարարություններ անել:

Գիտեք, ներկայիս պարագայում Հայաստանի իշխանավորները մեր երկիրը բերել և կանգնեցրել են այնպիսի վտանգավոր ժայռի եզրին, որ հիմա ոչ թե ապագաղութացման, այլ ընդհանրապես գոյության համար է պետք պայքարել։ Մենք բոլորս պիտի հասկանանք, որ մեր երկրում աղետ է, որ մեր տունն ավազակներ են մտել և զբաղվում են ալան-թալանով։ Ասում եմ բոլորս և նկատի ունեմ ոչ միայն հայաստանցիներին, այլև սփյուռքը։ Կարծում եմ՝ հենց սփյուռքն անհապաղ պետք է արձագանքի և կոնկրետ քայլեր ձեռնարկի մեր երկրի փրկության համար։ Համոզված եմ, որ «Սասնա ծռերը» և Վարուժան Ավետիսյանը, ում պատիվ ունեմ անձամբ ճանաչել, հենց այդ նպատակն ունեն։ Տղաներն իրենց արված քայլով ապացուցեցին մեզ բոլորիս, որ հայերն ունեն արժանապատվություն և սեփական ազատ պետություն ունենալու կամք։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սասնա ծռերը հայտարարում են, որ ներսից են պայքար տանելու, մյուս կողմից հարթակն առաջնորդողներ չկան կամ գոնե քաղաքական տեքստեր չեն հնչում: Ինչի՞ սա կարող է հանգեցնել:

Այո, տղաները բարձրաձայնում են այն մասին, որ պատրաստ են և շարունակելու են պայքարը ճաղերի հետևից, բայց առանց համազգային պայքարի մեր երկիրը չի ազատագրվի։ Ցավոք, 25 տարի առաջ մենք չգնահատեցինք այն անկախությունը, որը մեր վրա ընկավ, կարելի է ասել անվճար, երկնքից, և ընդամենը մի քանի տարի անց «ջրի բերածը ջուրն էլ տարավ»։ Հայ ազգն ինքը պետք է ստեղծի այն հարթակը, աճեցնի այն նոր լիդերներին և պարզապես հերոսներին, որոնք այժմ հրապարակներում կփոխարինեն Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին և մյուս տղաներին, որոնք բանտում են կամ ընդհատակ են անցել։ Դրա համար այսօր ամեն մարդ, որն իրեն հայ է համարում, պետք է թեկուզ փոքր, բայց մի քայլ անի երկրի ապագայի համար։ Իսկ եթե դա տեղի չունենա, դա կհանգեցնի նրան, որ մենք վերջնականապես կկորցնենք մեր երկիրը, որը շատ շուտ կդատարկեն մնացած բնակիչներից և մի մասը կվաճառեն Ալիևին, մյուսը՝ Պուտինին, ինչը հիմա տեղի է ունենում։

Հայաստանում ստեղծված իրավիճակը լուրջ փոփոխությունների կարո՞ղ է հանգեցնել:

Անկասկած փոփոխություններ լինելու են ցանկացած պարագայում, և այն դեպքում, որ ժողովուրդը ոտքի ելնի և տեր կանգնի իր ունեցածին, և հակառակ դեպքում իշխանավորները որպեսզի էլ ավելի ամրապնդեն իրենց դիրքերը, պարտավոր կլինեն ավտոկրատիայից անցնեն մյուս փուլին՝ տոտալիտարիզմին։ Դա նշանակում է, որ Հայաստանում արդեն կլինեն ոչ թե մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, այլ մի քանի հազար։ Ազատ մամուլը կվերանա ոչ միայն համազգային հեռուստաալիքներից, այլ ընդհանրապես։ Որ մարդկանց փողոցներից ոստիկանները կձերբակալեն ոչ միայն ցույցերի ժամանակ, այլ յուրաքանչյուր բողոք արտահայտելուց հետո, դա այն վճարն է, որը հատուցում է յուրաքանչյուր ժողովուրդ իր անտարբերության և վախի համար։ Բոլորս էլ գիտենք, որ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ երկրներ, որոնք այդ վիճակում երկար տարիներ գոյատևում են և դեռ շատ երկար կգոյատևեն և մեզ հիմա պարզ ասած պետք է կողմնորոշվել Հայաստանը կլրացնի՞ այդ շարքը, թե ոչ։

Ինչպե՞ս եք գնահատում պատշոնակությունները և նկատողությունները: Սրանք բավարա՞ր քայլեր են: Սերժ Սարգսյանը խոսեց նաև ազգային համերաշխության իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին: Սա ի՞նչ է իրենից ենթադրում և ի՞նչ կարող է տալ:

Դա պարզապես քաղաքական կյանքի կրկնօրինակում է, որը ժողովրդավարության տեսողականություն է ստեղծում, ոչ ավելին։ Գիտեք, ամեն անգամ, երբ հերթական բարձրաստիճան ասենք ոստիկանը կամ պետծառայողը հայտարարում է ծառայողական հետաքննության մասին, ուզում եմ հարցնել՝ քանի՞ ոստիկան կամ չինովնիկ է բանտում հայտնվել օրենքը խախտելու հետևանքով։ Այսօր Հայաստանում բազմաթիվ անպատիժ հանցագործություններ են կատարվում, ընդհուպ մինչև մարդասպանություն, պետության ներկայացուցիչների կողմից, իսկ պատժվում են եզակիները, այն էլ դա միայն ցուցադրական բնույթ է կրում։ Իշխանական կառուցվածքը փտած է գլխից և «բուժման» ենթակա չէ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջարկած «համերաշխության իշխանություն» ստեղծելու անհրաժեշտությանը, ապա ես իր հետ լիովին համաձայն եմ միայն մի պայմանով, որ գործող իշխանությունը «նախագահի» գլխավորությամբ թողնի և ընդմիշտ հեռանա քաղաքական ասպարեզից, ուրիշ ռեալ «բուժման» եղանակ այսօրվա իշխանական էլիտան չի թողել։ Ես համենայն դեպս, այլ ելք չեմ տեսնում և այս «հոռետեսության» մեջ ես միայնակ չեմ։

Սիրանույշ Պապյան, Հարցազրուցավար

Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/137452

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.