Armtimes.com-ի զրուցակիցը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանն է: Վերջինիս հետ զրուցել ենք «Սասնա ծռեր» խմբի գործողությունների, Հայաստանում ստեղծված իրավիճակի, դրա վրա սփյուռքի ազդեցության եւ առաջիկա զարգացումների մասին:

-Պարոն Ոսկերչյան, վստահ եմ, որ հետեւում եք Հայաստանում կատարվող իրադարձություններին: Ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռեր» խմբի անդամների զենքերը վայր դնելու որոշումը:

-Այո, հետեւում եմ րոպե առ րոպե: Ես չափազանց դրական եմ գնահատում տղաների զենքերը վայր դնելու որոշումը: Նրանք մեկ անգամ եւս փաստացին, իրենց բարձր ոգին դրսեւորեցին այսպիսիով արյունահեղությունը կախնելով, հակառակ նրան, որ նրանց մոտ գտնված զենքերով կարող էին մեծ կորուստներ հասցնել իրենց դեմ թշնամական կեցվածք ցույց տվող, թմրամոլ ոստկանապետի երիտասարդ «քեռիներին»: Թշնամական վերաբերմունքի մի քանի ապացույց է Պավլիկի եւ Արամի դեմ գործածված զենքի տեսակը եւ ուժգնությունը, տղաների ծախված միջնորդի (Բալասանյանի) տրված խոստումները, որոնք համարյա լրիվ չեն կատարվել, նրանց սոված թողելու անմարդկային տրամադրվածությունը եւ այլն:

– Այդ որոշմանը նախորդած եւ հաջորդած իրադարձություններն(նկատի ունեմ փողոցում կատարվողը) ինչպե՞ս եքգնահատում:

– Հեռվից այլ տպավորություն ունեմ: Եթե նույնիսկ կար մի օր, որ բավական ժողովուրդ փողոց էր դուրս եկել, ցավոք, այդ մոբիլիզացիան 50-100 հազարի չի հասել: Սրա պատճառները բազմաթիվ են: Նախ՝ մարտի մեկը հիշեցնող աննախադեպ հալածանքները ոչ միայն անմեղ ցուցարարների դեմ, այլ սովորական քաղաքացիների, ներառյալ տարեցների, անչափահասների եւ օտարերկրացիների դեմ: Հետո ոստիկանության մաս կազմող խուլիգանների սադրանքները եւ ստեղծված վախի եւ սարսափի մթնոլորտը, ինչպես նաեւ հավաքները ղեկավարող մարմնի համարյա բոլոր անդամների բերման ենթարկելն ու բանտարկելը: Բայց, հակառակ այս բոլոր աննպաստ պայմանների, կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի մոբոլիլիզացիան լավ լինելով հանդերձ բավարար չէ:

– «Սասնա ծռեր» խմբի անդամներին աջակցելու վերաբերյալ բազմաթիվ միջոցառումներ եղան Հայաստանից դուրս: Դրանց բնույթն ու ծավալը համաչա՞փ եք համարում «Սասնա ծռերի» այն նպատակներին, որոնք նրանք դրել էին ապստամբությունը սկսելուց: 

– Եթե մի կողմ դնենք Հայաստանի ղեկավարության ծախված կոալիցիայում գտնվող կամ չգտնվող սփյուռքի հանցավոր եւ մեղսակից լռությունը, այո՛, աննախադեպ էր սփյուռքի զանազան օջախներում բազմամարդ հանրահավաքները եւ Հայաստանի հանցավոր վարչակարգի արտերկրի ներկայացուցչությունների առջեւ տեղի ունեցած ցույցերը: «Սասնա ծռերի» գործողություններն անպայմանորեն հետայսու խնդրո առարկա պիտի դառնան Սփյուռքի այսպես կոչված ինքնակոչ եւ չընտրված ղեկավարության համար:

– Հայաստանում որոշ շրջանակներ հայտարարեցին, թե փորձ է արվել Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել դրսի ուժերի ֆինանսավորմամբ: Արդյո՞ք որեւէ հիմք տեսնում եք նման պնդում անելու համար:

-Ես որեւիցե հիմք չեմ տեսնում այդպիսի մի հայտարարության համար, ընդամենը սրճարանային դատարկ խոսակցություններ են: «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի կողքը կանգնողները Հայաստանի եւ սփյուռքի սրտացավ հայերն են, որոնց միակ ցանկությունն իսկապես ազատ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավար Հայրենիք ունենալն է: Այսքան պարզ:

-Երեւանում արդեն քիչ մարդիկ են հավաքվում հրապարակներում, արդյո՞ք սա չի տանի «Սասնա ծռերի» կատարած արարքի մոռացության:

-Երբեք, այս արարքը մոռացության չի կարող ենթարկվել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում: Այսօրվա համեմատաբար քիչ մոբիլիզացված մարդկանց թիվը կարելի է բացատրել շարժման քաղաքական հարթակի գլխատված լինելով: Բայց շատ մոտ օրերին մենք հավատում ենք, որ ստեղծվելու է նոր հարթակ, որն ամբողջությամբ պետք է կարողանա «Սասնա ծռերի» պահանջներն իրականություն դարձնի, հակառակ Հայաստանում գոյություն ունեցող բռնատիրական ռեժիմին:

-Հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքն ամբողջությամբ փոփոխվում է: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում:

-Ես աստղագուշակ չեմ եւ չեմ հավատում հայաստանյան քաղաքական կյանքում գործող խորհրդրանական, իշխանական կամ կեղծ ընդդիմության ասածներին եւ իրենց միջոցով որեւիցե մի փոփոխության հասնելու հնարավորությանը: «Սասնա ծռերը» ցույց տվեցին այն միակ ձեւը, որը մնացել է Հայաստանում իսկական մի բան փոխելու համար: Կեղծ եւ սարքված ընտրություններով Հայաստանում ոչ մի բան փոխել հնարավոր չի:

-Իշխանությունները չեն բանակցում խմբի անդամների հետ, նույնիսկ Սեֆիլյանի հետ կապ չեն պահում: Ո՞րն է ստեղծված իրավիճակի ելքը:

– Եթե իշխանությունները պետք եղած դասերը չքաղեն «Սասնա ծռերի» գործողություններից, իրենց վերջը կլինի, ավելի վատ կլինի, քան չաուշեւսկուների եւ քադաֆիների նման բռնապետերինը: Ելք կարող է լինել. անհապաղ արձակելով բոլոր քաղբանտարկյալներին, ռազմագերիներին ու բոլոր բերման ենթարկվածներին, բացահայտել եւ խստորեն դատապարտել այն բոլոր ոստիկաններին, լինի համազգեստով, թե՝ ոչ, որոնք բռնություն կիրառեցին թե՛ Հայաստանի անմեղ քաղաքացիների, եւ թե՛ լրագրողների նկատմամբ, կարճել բոլոր հարուցված, սարքված գործերը բոլոր քաղաքական գործիչների եւ համախոհների նկատմամբ, եւ ի վերջո երկրի ղեկը խաղաղ կերպով փոխանցել ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը: Վերսկսել բանակցությունները նրանց եւ իսկական ընդդիմադիր ճակատի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

– Արդյո՞ք, կարելի է այս փուլում իշխանություններից զիջումներ ակնկալել (կալանավորված ցուցարարների ազատ արձակում, խմբի անդամների նկատմամբ մեղմ պատիժներ եւ այլն):

– Իրենք գնում են միակողմանի զիջման, վաճառելով Արցախը եւ Հայաստանի ինքնիշխանությունը: Ուրեմն՝ վարժ են զիջումների գնալու, այն էլ Հայաստանին ի վնաս: Իրենց կյանքում գոնե մի անգամ գնալ զիջումների ներքին առումով, ապահովելով երկրի ղեկի անցնցում փոխանցումը եւ Հայաստանի վերելքը: Եթե չիրականացվի վերոհիշյալ ասածներիս մի կարեւորագույն մասը, հետո շատ պիտի զղջան, բայց գործը գործից անցած պիտի լինի:

– Այս ամենում ո՞րն է սփյուռքի դերը:

– Տեսական սփյուռքի ինքնակոչ ղեկավարները, արյունը ծծող 25 տարվա այս համակարգը, «Սասնա ծռերից» հետո, պիտի չկարողանային իրենց առնվազն հանցավոր եւ մեղսակից դիրքորոշումը շարունակել՝ ընդդեմ Հայաստանի ժողովրդի, քանի որ այլեւս սփյուռքի մեծամասնությունը ոտքի է կանգնել: Վարուժան Ավետիսյանի՝ սփյուռքին նետած ձեռնոցը մենք վերցրել ենք եւ վճռական ենք, «Սասնա ծռերի» ձեռնարկած գործընթացը հաջողությամբ իր ավարտին հասցնելու համար: Կմնա Հայաստանի ժողովուրդը միայն, որը մասսայական ու դրականորեն պատասխանի Վարուժանի հորդորներին: Այդ ժամանակ շուտով կունենանք դարեր շարունակ մեր երազած՝ ազատ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստան, ուր կհամախմբվի համայն հայության առնվազն մեծամասնությունը:

– Տեսնո՞ւմ եք այս ողջ գործընթացների հիմքում ԼՂհակամարտությունում Հայաստանի դիրքերի թուլացումը,զիջումների պատրաստակամությունը:

– Անտարակույս, բայց ոչ միայն: Ապրիլ ամսվա քառօրյա պատերազմում մեր կորցրած տարածքները, դրանց մասին ստերը (երեք հեկտար, ապա 8 հեկտար) նախագահ կոչեցյալ նարկոմանին վայել հայտարարություններն օդանավի մեջ Ալիեւի հետ անհեթեթ մի համաձայնության գալուց հետո, եւ դարձյալ անհիմն կալանավորումներ, իրեն ձեռնոց նետած Ժիրայր Սեֆիլյանին բանտարկելը: Դրանք եղան այն կաթիլները, որոնք հորդացին, 25 տարի ավելի արդեն լցված անարդարությունների բաժակից:

Աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/91755

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.