«Պահը ճակատագրական է, լռելն` անթույլատրելի». բողոքի և համերաշխության ցույց Բեռլինում – Armenian Renaissance  

Այսօր ամենատարբեր քաղաքներից հարյուրավոր գերմանահայեր էին եկել Բեռլին` ՀՀ դեսպանատան առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հանուն Արցախի և ՀՀ անվտանգության ու բարօրության: Ցուցարարներն ունեին հստակ և հիմնավոր պահանջներ: Նրանք ցանկանում են Հայաստանը տեսնել առանց քաղբանտարկյալների, Արցախն իր տարածքային ամբողջականությամբ միացնել մայր հայրենիքին և ի վերջո օրինական իշխանության ձևավորում հայրենիքում: Ցուցարարների համոզմամբ վերջին պահանջը իրականություն կդառնա միայն գործող նախագահի հրաժարականից հետո:

Հավաքվածները նշում էին, որ ապրելով արտերկրում և ուշադրությամբ հետևելով դեպքերի զարգացմանը, չեն կարող անտարբեր մնալ հայրենիքում ստեղծված ներքին, ինչպես նաև արտաքին քաղաքական ճգնաժամի ու ահագնացող վտանգների հանդեպ։

Ընդունելով հայ ժողովրդի ցասումն ու ընդվզումը, համակրանք տածելով նրա արդար պայքարի ու պահանջների նկատմամբ, հավաքվածները կոչ են անում Գերմանիայում բնակվող բոլոր հայերին, միավորվել ու իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել ՀՀ կառավարող մարմիններին:

«Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականությունը բոլոր բնագավառներում, մասնավորապես վերջին օրերին խաղաղ ցուցարարների, անմեղ բնակչության և քաղաքական բանտարկյալների նկատմամբ բիրտ ուժի կիրառման անընդունելի գործելակերպն ու պահանջում անհապաղ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»:

Ինչպես կազմակերպիչները մեզ հավաստիացրեցին, գերմանահայ համայնքի պատմության մեջ այսօրվա` օգոստոսի 21-ի ցույցը աննախադեպ է: Պատմության մեջ երբևիցե չի եղել, որ հայկական համայնքները հավաքվեն և ՀՀ-ի արտաքին և ներքաղաքական հարցերի շուրջ դիրքորոշում ճշտեն: Այսօրվա ցույցին մասնակցություն են բերել ութ կազմակերպություններ` Բիլեֆելդ, Աշաֆֆենբուրգ և Ֆրանկֆուրտ քաղաքների հայկական համայնքները, «Հայ ակադեմիականների միությունը», Համբուրգի «Կիլիկիա» երիտասարդական միությունը, «Եվրոպահայերի համագումարի» Գերմանիայի մասնաճյուղը, «Հայկական վերածնունդի» Գերմանիայի մասնաճյուղը և ԱՄՆ-ում գրանցված միջազգային ակադեմիան: Վերոնշյալները այն կառույցներն են, որոնց վարչությունները մեծամասամբ հայաստանցիներն են ղեկավարում:

Մեզ հետ զրույցում ցույցի համակարգող, «Հայ ակադեմիականների միության» նախագահ պարոն Ազատ Օրդուխանյանը նշեց, որ մնացած կառույցներն անտարբեր են: Որտեղ դասական սփյուռքն է, բացարձակ լռություն է կամ բոյկոտ: Զրուցակցիս հավաստմամբ նրանց մեծ մասը Հայաստանով հետաքրքրված չեն, կամ «հարյուր դոլար աղքատներին բաժնած եմ» նշանաբանով են ապրում, մի մասն էլ հայերեն չեն գրում ու կարդում և անտեղյակ են մնում ինֆորմացիայից: Այս ամենից ելնելով անհապաղ էր նման միջոցառումը և հարկավոր է օրակարգ մտցնել ՀՀ -ի հարցը:

«Համախմբվելու միտքը շատերի մոտ կար, հապաղելը կվնասի մեզ: Դասական սփյուռքը կանգնել է դիլեմայի առաջ: Եթե հարցը քննարկեն, նշանակում է իրենք վերազարթոնք կապրեն: Իսկ մենք ոչ միայն պահանջում ենք, այլ պարտավորվում ենք մեր ամբողջ ներուժը դնել հայրենիքում այդ կետերի լուծման համար: Նայել եմ նաև մյուս հայտարարությունները, դրանք ավելի շատ կոչեր են և պահանջներ: Դեսպանն այլ քաղաքում հանդիպում ունի, եթե դա հետաձգի և ցանկանա մեզ հետ հանդիպել, մենք պատվիրակությամբ կգնանք իր մոտ, եթե ոչ, մենք մեր նամակը կգցենք իրենց փոսի մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Ազատ Օրդուխանյանը:

«Հայ ակադեմիական միության» անդամներից մեկն էլ, ով չի ցանկացել ներկայանալ, հատուկ այս օրվա համար մի ծաղրանկար է արել, այսինքն` այս շարժումն արդեն նաև արվեստ է մտել: Երաժիշտներն էլ այս օրերին փորձում են երաժշտություն և երգեր գրել: Ազատ Օրդուխանյանի գնահատմամբ, եթե ցույցն էլ տեղի չունենար, ապա շարժումն արդեն հաջողված էր, որովհետև մեծ թվով կազմակերպություններ են համախմբվել և հնարավոր է, որ սա համայնքային նոր ալիք առաջացնի: Ցույցի ավարտին մասնակիցներն ուղևորվեցին հայկական համայնքի գրասենյակ` քննարկելու իրենց հետագա անելիքները:

Գայանե Առաքելյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/21/727904/

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.