Վարչապետի ձեռնարկած փոփոխությունները «դեկորատիվ» են և ծառայում են 25-ամյա կեղտոտ համակարգը պահպանելու ծրագրի – Armenian Renaissance  

Հուլիսի 17-31-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ժամանակ «Սասնա ծռեր» ջոկատը հսկողության տակ վերցրեց Էրեբունու ՊՊԾ գունդը, մեծ արձագանք գտան սփյուռքում։ Սփյուռքահայ տարբեր գործիչներ, ստեղծագործողներ իրենց աջակցությունն էին հայտնում «Սասնա ծռեր»-ին։ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բանբեր Շանթ Ոսկերիչյանի հետ զրույցում փորձում ենք հետահայաց գնահատել, թե հասարակական-քաղաքական կյանքում ինչ փոփոխությունների հանգեցրին «Սասնա ծռեր»-ի գործողությունները։

-Պարոն Ոսկերիչյան, խնդրում եմ ներկայացնեք, թե ինչ փոխեցին «Սասնա ծռեր»-ի գործողությունները։

-Նախ արթնացրին հայ ժողովրդին թե՛ Հայաստան, և թե՛ սփյուռք, արտահայտելով հայ ժողովրդի ազատության, անկախության և պետականության վերականգնման ձգտումները: Թեկուզ ժամանակավորապես, բայց կասեցվեց նաև Արցախի ազատագրված տարածքների հանձնումը, բացահայտվեց ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելը: ԵՎ հայ մարդու մտածողության մեջ փոփոխություն եղավ:

– Սպասվա՞ծ էին Ձեզ համար վարչապետի և կառավարության կազմի փոփոխությունները։

-Այո, բայց այն, ինչ պետք է արվեր՝ չարվեց: Քանի որ Մոսկվայի կողմից նշանակված վարչապետը միայն անուններ փոխեց՝ առանց համակարգային արմատական փոփոխությունների, որի կարիքն ունի երկիրը: Իր ձեռնարկած փոփոխությունները «դեկորատիվ» են եւ ծառայում են 25-ամյա կեղտոտ համակարգը պահպանելու ծրագրին: Մենք բացարձակապես չենք հավատում այս մակերեսային և շինծու փոփոխություններին, քանի որ դրանք բնավ չեն օգնում մեր պետականության կերտմանը:

-Ինչպե՞ս եք գնահատում սփյուռքի արձագանքը։

– Աննախադեպ: Սասնա Ծռերը միավորեցին Սփյուռքը: Նույնիսկ իր արմատներից հեռացած հայությունը ոտքի կանգնեց ու զորակցեց Սասնա Ծռերին: Ոմանք նույնիսկ պատրաստ էին գնալ և մասնակցել Հայաստանի մեջ տեղի ունեցող գործընթացներին: Ցավոք, ինչպես միշտ, «ավանդական կուսակցությունները» և նրանց համակիրները, հետևելով Հայաստանի իշխանություններին ծախված և այդ իշխանությունների հետ մեղսակցող իրենց «առաջնորդների» հրահանգներին ոչ միայն լռեցին, այլ նույնիսկ փորձեցին վարկաբեկել «Սասնա Ծռերի» գործողությունները: Իրենց այս ապազգային վարքագիծն, անշուշտ, սփյուռքի մեծամասնության կողմից դատապարտվեց:

-Սփյուռքն առաջիկայում կներգրավվի՞ հայաստանյան քաղաքական գործընթացներում, թե՞ ոչ։

-Սփյուռքն իրավունք ունի և պարտավոր է մասնակցել Հայաստանի մեջ քաղաքական գործընթացներին, սակայն ոչ ներկա գործող համակարգի հետ, այսինքն՝ ոչ իշխանական ուժերի և  կամ կեղծ ընդդիմության հետ որևէ համագործակցության եզր չի կարող ունենալ, որովհետեւ սփյուռքի մեջ իրական ազգային քաղաքական ուժերը նույն նպատակն ունեն, ինչ ողջ ժողովուրդը, որի կամքն արտահայտեց «Սասնա Ծռերը»՝ Հայաստանի ազատությունն ու ինքնիշխանությունը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում սփյուռքի ներգրավվածությունը։

-Մենք, որպես սփյուռքի մեջ գործող «Հայկական Վերածնունդ» անունով կազմակերպություն (որ որևէ առնչություն կամ կապ չունի մեր անունը գողացած ու յուրացրած հայաստանյան նույնանուն կուսակցության հետ, որի նախկին անունը «Օրինաց Երկիր» էր) չենք հավատում Հայաստանի մեջ ընտրության միջոցով համակարգը փոխելու հնարավորությանը: Ուստի մենք զորակցում ենք «Հիմնադիր խորհրդարանի» մշակած ճանապարհային քարտեզին: Կարծում ենք, որ ժողովրդական ընդվզումի և անհնազանդության միջոցով կարող ենք ձերբազատվել այս ռեժիմից: Պահանջում ենք Ժիրայր Սեֆիլյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալներին և խղճի հալածյալներին ազատել: Ի վերջո, «Սասնա Ծռերը» ցույց տվեցին, որ ապստամբությունը ժողովուրդի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է, հենց իր՝ ժողովրդի դեմ արդեն 25 տարի ի վեր պետական ահաբեկչություն գործադրող ռեժիմի դեմ:

Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.