ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, վերջին օրերին բավականին խստացվեցին ու լրացվեցին «Սասնա ծռեր» խմբի անդամների մեղադրանքները, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն այժմ արդեն ոստիկանության ծառայողների սպանության համար են մեղադրվում: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է, ակնկալվում էր, որ այդպես էլ լինելո՞ւ է:

-Այն, որ իշխանության կողմից սպասվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին նոր մեղադրանքներ առաջադրելը, անսպասելի չէր, բայց որ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին այժմ արդեն ոստիկանության ծառայողների սպանության համար են մեղադրում, դա անսպասելի էր ու անիմաստ, քանի որ մինչև հիմա որևէ հիմք չկա ապացուցելու այդ մեղադրանքները, և հույս ունենալ Հայաստանի դատարանների վրա, որ արդարացի դատաքննություն կանցկացնեն պարզելու իրականությունը՝ պարզապես միամտություն է: Սա հերթական իշխանական սադրանքն է տղաների նկատմամբ:

Վերջերս լուրեր են տարածվել, որ շուտով համաներում է լինելու, եթե դա այդպես է, ուրեմն իշխանության քայլը տրամաբանական է այնքանով, որ մեղադրանքների ավելացումով բացառվում է համաներումով բաց թողնել խմբի անդամներին: Սա ես որակում եմ պետական հաշվեհարդար ապստամբների նկատմամբ և հաճոյություն օտար տերերին:

Բացի այդ, նորից Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել Ռուսաստանի կողմից պարտադրված ազատագրված տարածքների վերադարձը, որը նաև պատճառ էր «Սասնա ծռեր» խմբի ապստամբության:

Որոշվեց նաև հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով հարուցված գործը միավորել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրգործի հետ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդպես որոշեցին, դրանով նպատակ է դրվել ճնշո՞ւմ գործադրել քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող անձանց նկատմամբ: Մանավանդ որ մի քանիսը մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

-Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը միավորելով ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրգործի հետ՝ ունի նպատակ վախեցնել ժողովրդին, ցույց տալով, որ տեսեք՝ ինչ կլինի ձեր հետ, եթե փորձեք ապստամբել կամ աջակցել ապստամբներին, և այն մարդիկ, ովքեր Սարի թաղում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից, վախեցնելով թույլ չտալ անօրինականությունները բողոքարկելու:

Սա պարզ բռնապետական մոտեցում է սեփական ժողովրդի հանդեպ, և որպես միջոց օգտագործվում է ոստիկանությունը:

-Պարոն Խաչատրյան, Սասնա ծռերի՝ իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո, երբ նաև հայտարարվեց, որ շուտով տարբեր ակցիաների մեկնարկ է տրվելու, արդյոք իշխանությունները որոշել են տարբեր քայլերի միջոցով կանխել այդ ամենն ու թույլ չտալ, որպեսզի բողոքի նոր ալիք բարձրանա երկրում:

-Այո, իհարկե, մեզ բոլորիս հայտնի է իշխանության վերաբերմունքը ժողովրդավարական միջոցներով իշխանափոխություն պահանջողների նկատմամբ: Մի երկրում, որտեղ միապետության տարր կա, այնտեղ ցանկացած ճշմարիտ խոսք կամ պահանջ ժողովրդի կողմից կճնշվի, քանի որ ներկա իշխանությունն անօրինական է և, բնականաբար, իր գործողությունները նույնպես: Ես համոզված եմ, որ մեր ազգն ու ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու՝ գաղութացումից ազատագրվելու և ներկա անօրեն իշխանությանը ստիպելու հետ վերադարձնել այն, ինչ գողացվել է ժողովրդից. դա է իշխանությունը և մեր պետականությունը, որն ուզում են խլել մեզնից:

Հերմինե Մկրտչյան

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/170611/

 

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.