«Մեր տված փողերը հիմնադրամին ծառայում է Հայաստանի օլիգարխներին ավելի հարստացնելու և ռեժիմի դրածոներին վերարտադրելու համար» – Armenian Renaissance  

Նոյեմբերի 24-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո: Ըստ պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ համազգային դրամահավաքի հանգանակություններն այս անգամ նպատակաուղղվելու են Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերիչյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին, ասաց, որ ինքը վստահ է՝ այս տարի ավելի է նվազելու հանգանակությունների արդյունքում հավաքագրվող գումարի չափը, քանի որ Սփյուռքում շատ լավ հասկանում են, որ իրենց հանգանակությունները չեն ծառայում նպատակին:

«Ես և բոլոր իմ ընկերները՝ «Հայկական վերածննդի», և ոչ միայն «Հայկական վերածննդի», բոլոր գիտակից մարդիկ արդեն հասկացել ենք, որ այդ հիմնադրամը ոչ թե Հայաստանինն է, այլ Հայաստանի օլիգարխների հիմնադրամն է: Մենք իրենց ոչ մի կոպեկ չենք տալիս արդեն մի քանի տարի և տարիներ շարունակ մեր հայտարարություններով, հաղորդագրություններով ու թռուցիկներով տարբեր սփյուռքյան հանդիպումների ժամանակ փորձում ենք իրազեկել սփյուռքահայությանը, որ սրանց պետք չէ փող տալ: Սրանց տված փողն ուղղակի հալվում է: Թեկուզ երևութապես մի բան անում են, երևում է, որ մի ճանապարհ սարքել են, բայց չգիտեն, որ այդ ճանապարհի տակից, աջից ու ձախից, հաստությունից գողացել են: Եվ ամեն տարի այդ նույն ճամփան սարքում են ու այդ գումարը գողանում են»:

Ըստ Շանթ Ոսկերիչյանի՝ բավարար է Սփյուռքում մարդկանց բացատրեն, թե ովքեր են այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, և մարդիկ հասկանում են, որ ոչ թե երկրին են օգնում, այլ անհատների:

«Սփյուռքահայությանը բացատրում ենք, թե ինչ կարող են սպասել մի հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի մեջ ընդգրկված են երկու չընտրված նախագահ՝ Հայաստանի եւ Արցախի, և երկու մեր ամենավատ կաթողիկոսները, ովքեր հանդգնել են շնորհավորել այդ նախագահներին՝ առանց ընտրությունների արդյունքների մասին իմանալու, եւ որևիցե մեկը չի ասում, որ սրանք բոլորը կեղծ են: Ի՞նչ սպասել այս մարդկանց հսկած հիմնադրամից:

Մենք ցանկանում ենք, որ Սփյուռքում ըմբռնեն այս ամենը: Գիտեք՝ սփյուռքահայը միամտաբար մտածում ասում է՝ ես տվի իմ 100 դոլարը կամ 100 եվրոն, ազգային պարտքս կատարեցի: Բայց ինքը չի էլ պատկերացնում, թե իր տված գումարն ուր է գնում: Մենք բացատրում ենք, որ կամ ուղղակիորեն պետք է Ձեր օգնությունը հասցեագրեք, կամ մի վստահեք այդ հիմնադրամին»:

Շանթ Ոսկերիչյանն ասաց, որ թեև երկրից հեռու են բնակվում, բայց շատ լավ ծանոթ են Հայաստանի ներսում զարգացող իրադարձություններից: 1000 դրամներ ՀՀ քաղաքացիներից գանձելն իսկապես ցույց տվեց իշխանության դեմքը:

«Եվ Հայաստանի նախագահը, և իր եղբայր Սաշիկը, և էլի անուններ էլ չթվարկեմ, նրանք են ուտում հիմնադրամների փողերը և անընդհատ սպասում են ներդրումների, ուտելու, որովհետև նրանք անոթի են և չեն կշտանում: Տեսեք՝ ժողովրդից 1000-ական դրամներ հավաքելը, որը խորհրդարանն ընդունեց, և միայն երեք հոգի դեմ քվեարկեց: Որևիցե մեկին չեն կարող բացատրել նման բան, որովհետև աշխարհում նման բան չկա: Եթե անգամ մի ոտքդ կաղ պետության նման մի բան ես, դու պետք է հոգաս քո բանակի համար, այն մարդկանց ընտանիքների համար, որոնք իրենց կյանքը տվել են պատերազմի համար: Իրենք տուրք են դնում խեղճ ժողովրդի վրա: Երկու կոպեկ ունեն, ուզում են նրանցից մեկ կոպեկը գողանալ:

Հիմա մենք այստեղ ենք, բայց հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում այդտեղ: Լսեցինք, թե ինչ է ասում Արցախի գործիչ պարոն Բադասյանը: Ահռելի թալան է եղել, ահռելի ավտոներ ունեն, տներ ունեն, թող վաճառեն և զենք գնեն կամ զինվորների ընտանիքներին աջակցեն: Մենք սիրով կանենք, մենք էլ կաջակցենք, բայց երբեք մեր միջոցներից իրենց չենք տա»,- ասում է սփյուռքահայ գործիչը՝ հավելելով, որ եթե Հայաստանի ժողովուրդը չընդվզի և ընդունի 1000 դրամներ տուգանք մուծելու գաղափարը, դա կլինի ազգային խայտառակություն ամբողջ հայության համար:

Ոսկերիչյանը նաև այն համոզումն ունի, որ սա նոր նախաձեռնություն է, որպեսզի «նուրբ լարեր» շարժելով կարողանան իշխանությունները Սփյուռքից նոր փողեր կորզեն:

«Այո, այս իշխանությունները 25 տարի շարունակ Սփյուռքը շինել են կթան կով և ուզում են հա կթել, կթել, բայց արդեն կաթ չի մնացել: Ես անձամբ չեմ կթվում:

Դրամահավաքի համար հորդորում եմ իմ սիրելի Սփյուռքի, մասնավորապես Ամերիկայի մեր հայրենակիցներին, այլևս պետք չէ մի կոպեկ տալ այս հիմնադրամին: Առաջին անգամ 10 մլն դոլար նվազեց «Հայաստան» հիմնադրամի հանգանակությունները, հետո երկու մլն դոլար նվազեց: Այնպիսի մակարդակի պիտի հասնեն, որ չկարողանան հարստանալ: Սփյուռքահայերն ի վերջո պետք է ըմբռնեն, որ մեր տված փողերը հիմնադրամին էլի ծառայում է միայն ու միայն Հայաստանի օլիգարխներին ավելի հարստացնելու և ռեժիմի դրածոներին վերարտադրելու համար»:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/170989/

Paris Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.