«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական Վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:

 – Պարոն Ոսկերիչյան, ՀԲԸՄ–ի հիմնադրման 110 ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը իր ելույթում ցանկություն է հայտնել նաև, որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաստանում` դրանով ավելի շատ շահ ստանալով, և այդպիսով ավելացնելով բարեգործության ծավալները: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Այս հայտարարության տակ կարելի է հասկանալ անվստահություն ներկա իշխանության նկատմամբ, երկրորդ՝ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում, և երրորդ՝ Սերժ Սարգսյանը նոր միջոցներ ձեռք բերելու տեղ է գտել իր անձնական բյուջեն (թալանը) ավելացնելու համար: Հայաստանում կայուն ֆինանսական համակարգը, ընդհանուր կոռումպացված համակարգի համար կայուն է, ոչ թե սփյուռքահայի համար: Այն երկրում, որտեղ 20 տարուց ավելի է՝ ժողովուրդը բռնաբարվում է իր քվեների հափշտակման կարգով, և որևիցե մի ընտրություն 1996-ից ի վեր չի եղել օրինական ու ժողովրդավարական՝ ի՞նչ կայունության մասին է խոսքը: Դրսի դրամատուները շատ ավելի վստահելի են, քան Հայաստանինը: Հայաստանի դրամատուների՝ համեմատաբար ավելի տոկոս վճարելը կգա երկրի դրամական համակարգի տկարությունից, բայց բարեգործականի ղեկավարները, գործարքի մեջ լինելով Հայաստանի ապօրինի իշխանությունների հետ, որոնց մեջ կան նաև մեդալի հետևից վազողներ, կարող են նաև այս անտրամաբանական քայլին էլ դիմել:

– Արդյո՞ք Սփյուռքը, ըստ Ձեզ, վստահություն ունի այս ամենի նկատմամբ: Տեսակետ կա, որ այս կերպ վիրավորանք է հասցվում Սփյուռքին, և արդարացի չէ՝ պետության հաշվին կուտակած սեփական գումարները արտասահմանյան բանկերում և օֆշորներում պահ տալով, Սփյուռքին կոչ անել իր գումարները պահել Հայաստանում:

– Երբ խոսք է գնում իշխանության մասին, պետք չէ խոսել արդարությունից: Նրանք վաղուց են մոռացել՝ ինչ է արդարությունը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ հարստությունների տեր են իշխանության ներկայացուցիչները և հատկապես Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ չեն ուզում իրենց թալանած գումարները ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, եթե այդքան կայուն և ապահով է: Իշխանությունը Սփյուռքին երկար տարիներ խաբել և թալանել է՝ օգտվելով մեր հայրենակիցների հայրենասիրությունից, բայց հիմա շատերն արդեն հասկացել են, որ խաբվել են, և ամեն մի հայտարարություն ուղղված Սփյուռքին՝ անվստահության ալիք է առաջ բերում: Սփյուռքի մեծամասնությունը որևէ վստահություն չունի իշխանության նկատմամբ և շատ մեծ ցանկություն ունի տեսնել այս համակարգի հեռացումը:

Մոտեցումը նախագահի աթոռը բռնագրավողի համար անկիրթ է: Ինքը և նաև նախորդ նախագահները, և իրենց իշխանությունները 25 տարի Սփյուռքին դրել են կթան կովի տեղ: Եվ շնորհիվ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության և նաև Սփյուռքի ուրիշ արթուն կազմակերպությունների, մեզ հաջողվեց տարեցտարի ավելի նվազ հարստացնել Հայաստանի օլիգարխների Համահայկական հիմնադրամը, և հիմա, երբ իրենց սեփական փողերը արտասահմանյան հարուստ երկրներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ և այլ տեղեր են տանում, հսկայական շենքեր գնում և պալատներ կառուցում, անամոթաբար առաջարկում են սփյուռքահայերիս, որ իրենց փողը բերեն Հայաստան, որ մի օր դա էլ հափշտակեն:

– Սփյուռքահայ մտավորականների Justice Within Armenia նախաձեռնությունը որքանո՞վ է Ձեզ՝ իբրև սփյուռքահայ, ոգևորել:

– Ֆրանսերեն ասում են՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: Այս նախադասությունը վատը չէ, վերջապես հանրահայտ հայեր, շնորհիվ Արսինե Խանջյանի, «Սասնա ծռերի» հերոսական շարժման օրերին բերման ենթարկվեց և իր նման քիչ թե շատ հայտնի հանրածանոթ սփյուռքի դերասանների բերեց գիտակցության, որ ՀՀ-ն մեր երազած ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանը չէ: Եվ լիքը պրոբլեմներ կան երկրում, որոնց դեմ Սփյուռքի մեծամասնությունը, հետևելով իրենց Հայաստանի նախագահի հետ գործարքի մեջ մտնող ղեկավարների հորդորումներին, աչք էին փակում:

Այն, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն արդեն հասկանում են որ պետք է մասնակից լինել Հայաստանում կատարվող իրադարձություններին՝ ինքնին ողջունելի է, նրանք վաղուց պետք է ներկա գտնվեին քաղաքական դաշտում: Մենք որպես «Հայկական Վերածնունդ» Սփյուռքի կառույց՝ կարիք չունենք ոգևորության, քանի որ արդեն 4 տարի է ինչ գտնվում ենք ընդդիմադիր դաշտում, և մեզ համար նորություն չէ որ Հայաստանում ընտրությունների միջոցով որևէ փոփոխություն չի լինելու, քանի որ կեղծվելու են ինչպես ամեն անգամ:

– Կարծում եք՝ Հայաստանի խնդիրը ընտրության վերահսկողությա՞ն մեջ է:

– Ոչ: Վերահսկողությունը չի կարող կանգնեցնել կեղծումները, քանի որ միայն ընտրատարածքում չէ որ տեղի են ունենում դրանք: Սփյուռքի ներկայացուցիչները չեն կարողանա վերահսկել ընտրությունները: Նրանք ովքեր պատրաստ են գնալ և ներկա գտնվել տեղամասերում՝ արդյոք տեղյա՞կ են կեղծումների մեխանիզմներին, որոնք օգտագործվում են, արդյոք նրանք կկարողանա՞ն կանգնեցնել տրվող կամ արդեն տրված ընտրակաշառքները: Կեղծումները տեղի են ունենում մինչև ընտրությունները և հետո: Ընտրություններին ներկա իշխանությունների կանոններով մասնակցելը նշանակում է խաղալ ներկա համակարգի թելադրանքով, որը մենք համարում ենք անիմաստ, և մասնակցություն ունենալը նաև օրինականացնում է այս վարչախմբի անօրինական լինելը:

– Վերջերս Փարիզում էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկա եք եղել նաև Դուք: Ի՞նչ տպավորություն ստացաք:

– Սփյուռքի նախարարը հավանաբար գործուղման էր ուղարկվել իր «տիրոջ» կողմից նույն նպատակներով, այսինքն՝ փող տվեք, ներդրում արեք Հայաստանում՝ «մոռանալով» ասել, թե նրանք, ովքեր ներդրում են արել և 50 կամ 70% փայ չեն տվել նախագահ կոչեցյալի եղբայրներին, կորցրել են ամեն ինչ, նույնիսկ երբեմն իրենց կյանքը: 45 րոպե մի այնպիսի վարդագույն նկար ցույց տվեց կոմսոմոլի նախկին աշխատողը իր նախարարության և Հայաստանի մասին, որ կարելի էր ապշել՝ ինչ ենք անում Փարիզում, գնանք ապրենք Հայաստանում:

 Աղբյուր՝ http://www.1in.am/2060912.html

Paris Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.