ԳԱԼԱ-ի հարցազրույցը Սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի ներկայացուցիչ Բագրատ Առաքելյանի հետ:

-Պարոն Առաքելյան, ինչպիսի՞ն էր 2016թ.-ը ՀՀ իշխանությունների և առանձին ժողովրդի համար: Ի՞նչ տվեց (կամ ի՞նչ տարավ) 2016թ.-ը:

-Անցած 2016 թ.-ը, իմ կարծիքով, Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվարին տարիներից մեկն էր: Եվ դա, իհարկե, շնորհիվ այն մարդկային ու հոգեբանական կորուստների, որով մենք բոլորս ապրեցինք թե ապրիլյան պատերազմի ժամանակ, թե ամռանը զարգացող իրադարձությունների ընթացքում: Խոսքս Սասնա ծռերի ապստամբության փորձի մասին է: Ապրիլին տարանք անցած 20 տարիների ամենամեծ մարդկային կորուստը ղարաբաղյան հակամարտության մեջ:

Նման կորուստներն անհամալրելի են, բայց դրա հետ մեկտեղ բոլորս ևս մեկ անգամ համոզվեցինք նրանում, որ հայ զինվորն իր տունը պաշտպանելիս անհաղթ է: Ուրիշ հարց է, որ եթե մեր տղաները ստիպված չլինեին կռվել 80-ականների զենքով թշնամու նորագույն հարձակողական զենք ու զրահի դեմ, որը, ինչպես բոլորս գիտենք, ձեռք է բերվել մեր «ստրատեգիական դաշնակից ՌԴ-ից, ապա, իհարկե, մեր կորուստներն անհամեմատ քիչ կլինեին: Եվ գուցե չկորցնեինք այն «անպետք» 800 հա հողատարածքը, որին հանրապետության նախագահն այդպես էլ մեծ կարևորություն չտվեց:

Կարծում եմ՝ հենց նման մոտեցումն էլ Սասնա ծռերի հուսահատ գործողությունների դրդապատճառներից մեկն էր. չէ՞ որ ՊՊԾ գունդը գրավողների մեծամասնությունը հայրենիքի համար արյուն թափած ազատամարտիկներն էին: Անշուշտ անցյալ տարվա կորուստներին կարելի է գումարել Հայաստանի ընդմիշտ դժգոհ այն հազարավոր մարդկանց հոսքը, որը կարծես անվերջ է:

Շատ կուզենայի խոսել նաև ձեռքբերումների մասին, բայց ավաղ: Նոր գործարաններ եւ արտադրամասեր, որոնք կստեղծեին հազարավոր աշխատատեղեր, գրեթե չեն հիմնվել: Սոցիալական ապահովությունը և առողջապահության բնագավառը հազիվ են գոյատեւում:

Ստեղծված պայմաններում հուսանք, որ երկրի վիճակը գալիք 2017-ին ավելի չի վատանա թե քաղաքական ոլորտում, թե տնտեսական:

-2016 թ.ը երեք կարևոր շրջափուլ ունեցավ, որ պայմանականորեն կարելի է բաժանել այսպես՝ ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում և հաջորդած օրերի իրադարձությունները, հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններ: Սրանցից երկուսի մասին արդեն իսկ դուք խոսեցիք: Սակայն հարցս այն է, թե ինչ դասեր քաղեց ՀՀ իշխանությունը:

-Խոսելով նաև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ ասեմ, որ արդեն չեմ հետաքրքրվում ընտրական թեմաներով: Եվ իմ կարծիքով այդ միջոցառումները, որ տեղի են ունենում, ավելի կոռեկտ կլիներ վերանվանել «ընտրանշանակումներ»:

Համոզված եմ, որ 2016-ի իրադարձությունները ստիպեցին իշխանություններին նկատել, որ իրենց իսկ ստեղծած «բարելավ» աշխարհի սահմաններից դուրս գոյություն ունի մեկ ուրիշ Հայաստան, և որ Հայաստանը միայն Երևանը չէ:

Իհարկե, այնպես չէ, որ չինովնիկներն այլևս բիզնես կլասով չեն ճանապարհորդում կամ պետական փողերով գնված ամենագնացները վաճառքի չեն հանում, որպեսզի այդ գումարն օգտագործվի, օրինակ, սահմանային գոտում գտնվող «կոնսերվայի բանկաներից» բաղկացած ահազանգման համակարգն ավելի ժամանակակից միջոցներով փոխարինելու համար:

Իհարկե ոչ, դրա փոխարեն ստեղծվեց «1000 դրամների օրենքը» և հերթական պետական վարկը, որը տրվեց մեր ամենուրեք և ամենահաս «ռազմական գործընկերոջ» կողմից: Դրանից բացի, ակնհայտ դարձավ ներքին քաղաքական կյանքի «արմատական փոփոխությունների» անհրաժեշտությունը: Մոսկվայից հրավիրվեց «նոր մենեջեր», որը հայրենիքում արդեն կառավարման մի փոքր փորձ ուներ: Մի խոսքով, կարելի է ասել, որ «դասերը քաղվեցին», ինչը չէի ասի արդյունավետ և ճիշտ եզրակացություններ անելու մասին:

ՀՀ նոր կառավարությունն ի՞նչ փոխեց երկրում: Ի՞նչ նպատակով ձևավորվեց: Եվ ի՞նչ գնահատական կտաք նոր կառավարության գործունեությանը:

-Գիտեք, յուրաքանչյուր նոր ղեկավար օրգանի գնահատականը կարելի է տալ միայն մի որոշ ժամանակ անց:

Ուրիշ հարց է՝ փորձել վերլուծել այն պայմանները, որում նորաստեղծ ղեկավարությունը պիտի գործի: Ավտոկրատիայի, կոռուպցիայի օլիգարխիկ համակարգ, սոցիալական անհավասարություն… Այս ցուցակը, որը բնութագրում է Հայաստանի ներկա քաղաքական և տնտեսական կյանքը, կարելի է երկար շարունակել: Եվ այս ամենը նոր վարչապետը խոստանում է հաղթահարել այն համակարգում, որն այդ ամենը ստեղծել է: Կարծում եմ՝ հերթական անգամ կարձանագրվեն ոչ մի բան չլուծող կոսմետիկ ձևափոխումներ:

Ի՞նչ սպասելիքներ կան 2017 թ.ից: Ձեր կարծիքով ինչպե՞ս կփոխվի ՀՀ ժողովրդի կյանքի որակը՝ դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը:

-Չէի ուզենա ամանորի նախօրյակին որևէ վատ կանխագուշակումներ արտահայտել, բայց պետք է պատրաստ լինել 2017-ին նոր մարտահրավերների: Խոսքս և արտաքին վտանգի մասին է՝ հարևան թշնամու կողմից, և ներքին խնդիրների, որոնք, ինչպես միշտ, դրվում են առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդի ուսերին:

-Պարոն Առաքելյան, ի՞նչը կարող է ձախողել ՀՀԿ-ի պլանները: Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավո՞ր է, ըստ Ձեզ, և ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով:

-Նախ եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում ՀՀԿ-ի պլանները: Վաղուց եմ ուզում հասկանալ, թե ուր են իրենք գնում և ուր են տանում ժողովրդին: Այսօր մենք մի պետություն ենք, որը չունի, ասենք, «ազգային գաղափար» հասկացությունը, չունի ստրատեգիական մեծ նպատակներ: Մենք կորցրել ենք մեր հույսն ու հավատը, ու տպավորություն է ստեղծվում, որ ապրում ենք միայն մեր անցյալով, մեր երեխաների ապագայի մասին, թե ինչ խնդիրների առջև է կանգնելու մեր ապագա սերունդը 10, 20, 30 տարի հետո, հույսներս ո՞ւմ վրա ենք դրել՝ Պուտինի՞, Թրամփի՞, թե՞ մեր խորհրդարանի պատգամավորների, որոնցից շատերը ոչ թե ազգային ստրատեգիա մշակելու, այլ նույնիսկ երկու բառ գրական հայերենով իրար կապելու ունակություն չունեն: Ո՞վ է վերջի վերջո այս ամենի մեջ մեղավոր: Մի՞թե այն չինովնիկը, որ իր պաշտոնով բիզնես է անում:

Ժողովուրդը քաջ տեղյակ է այն ունեցվածքների մասին, որ բազմաթիվ պետպաշտոնյաներ դիզել են իրենց «հայրենանվեր» գործունեության արդյունքում: Եվ ո՞ւմ ենք պատասխանի կանչել: Քանի՞սս ենք սահմանադրությամբ արտոնագրված բողոքի ձայնը բարձրացրել նման բաների դեմ: Մի քանի տարի առաջ ես ականատես եղա, թե ինչպես Պրահայում Չեխիայի կառավարության մի որոշման դեմ փողոց դուրս եկավ մոտ 120 հազար մարդ առանց որևէ զենքի կամ բռնության: Իրենք պարզապես նշեցին իրենց ներկայությունը մի երկրում, որը պատկանում է ժողովրդին:

Ես չեմ խոսում հեղաշրջման մասին, այլ ուզում եմ ընդգծել, որ օրենքում նշված իրավունքն ազգաբնակչությունը պարտավոր է կիրառել այն դեպքում, երբ իշխանությունը մոռանում է, թե ով է ում համար ծառայելու: Յուրաքանչյուր ազգի ճակատագիր գտնվում է իր իսկ սեփական ձեռքերում, ինչպես կորոշի, դրան էլ կարժանանա:

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/800-100-2017/

Czech Republic Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.