ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ սպասելիքներ ունեք 2017 թվականից, կան կարծիքներ, որ տարին բարդ է լինելու, Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

-Սպասելիքներ 2017 թվականից շատ ունեմ: Այն, որ բարդ է լինելու, հաստատ: Ինչքան էլ մենք փորձենք հեռու մնալ տարածաշրջանային իրավիճակից, չի հաջողվի: Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է Սիրիայում, որտեղ գլխավոր խաղացողներից նաև Թուրքիան է, իսկ Թուրքիան Հայաստանի հանդեպ չի ունեցել և չունի բարեկամական մոտեցում իր արբանյակ Ադրբեջանի հետ, մենք կանգնած ենք բախտորոշ մարտահրավերների դեմ, որի լուծումը կարող է տալ միայն ազգային մտածելակերպ ունեցող իշխանությունը, որը մենք չունենք:

Բացի արտաքին մարտահրավերներից մենք ունենք ներքին խնդիր. դա է ներկա համակարգի փոփոխության խնդիրը: Ներկա իշխանության վարած ապազգային քաղաքականության շնորհիվ շուտով մենք ամբողջությամբ կկորցնենք անկախ պետության կարգավիճակը, որը լի է լինելու վտանգներով՝ առավելապես դատարկված Հայաստան, որին արդեն երկար ժամանակ ձգտում են Ռուսաստանը և Թուրքիան:

Իսկ այդ վտանգից խուսափելու արդյունավետ միջոցը ներկա համակարգի հեռացումն է:

Մոտ ապագայի սպասելիքներից առաջնայինն ինձ համար «Սասնա ծռեր»-ի պարտադիր ազատ արձակումն է, քանի որ նրանց ներկայությունը քաղաքական դաշտում միայն կապահովի Հայաստանի անկախությունը և Արցախի վերամիավորումը Հայաստանին:

-Տարեվերջին որոշ, այսպես ասած, փոփոխությունների ձեռնամուխ եղան. էլեկտրաէներգիայի ու գազի սակագնի իջեցում, ստվերի դեմ պայքար և այլն: Արդյոք այդ ամենը լիովին նախընտրական տրամաբանության մեջ չէ:

-Էլեկտրաէներգիայի, գազի սակագնի իջեցում, ստվերի դեմ պայքար, իրականում դրանք դատարկ խոսքեր են՝ ուղղված դյուրահավատներին: Այս իշխանությունը երբևէ մեր ժողովրդի մասին չի հոգացել և միտք էլ չունի: Այն, ինչ արվում է, արվում է միայն մարդկանց ընտրատարածք հասցնելու համար, և իրենց չի էլ հետաքրքրում, թե ում ձայն կտա ընտրողը, իրենց համար կարևորը մասնակցությունն է: Ժամանակավոր էժանացումներ գուցե լինեն, բայց հեռու չեն նաև թանկացումները:

-Ի՞նչ եք կարծում, մի քանի ամսից, հատկապես հետընտրական շրջանում երկրում նոր բողոքի ալիք կհասունանա՞, եթե հաշվի առնենք, որ հերթական անգամ պատրաստ են այս իշխանությունները գնալու կեղծիքի:

-Այն, որ իշխանություններն առանց կեղծիքի չեն կարող, դա հաստատ է, իսկ թե կլինի ընդվզման ալիք, կախված է մեր ժողովրդի անկախ ապրելու ցանկությունից: Այս ամենի դեմն առնելու ճիշտ միջոցն ընտրություններին չմասնակցելն է, ուրիշ խոսքերով ասած՝ բոյկոտելը, չխաղալ ներկա անօրինական իշխանության թելադրած կանոններով: Մասնակցելով ընտրություններին՝ օրինականացվում է նախկին և սպասվող կեղծիքները: Թող որևէ մեկը հույս չունենա, որ ընտրություններին մասնակցելով ինչ-որ բան կփոխի:

-Անցած տարվա հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ ցանկացած բողոքի ալիք ցանկացած գնով պատրաստ են մարել այս իշխանությունները՝ ճնշումներով, ուժի կիրառմամբ և այլն: Ո՞րն է այս ամենի ելքը:

-Եկեք չմոռանանք, որ չորս օր Հայաստանում չկար իշխանություն, որտե՞ղ էին նրանք, պարզ չէր, այսինքն արդյունքն արդեն կար, եթե մեր ժողովուրդը համախմբվեր, դուրս գար փողոց… բայց տեղի ունեցավ պետական, ոստիկանական ահաբեկչություն ժողովրդի նկատմամբ: Ժողովուրդը վախեցավ, բայց վախը մաշվող զգացմունք է՝ կանցնի, և ժողովուրդն իր մեջ ուժ հավաքելով՝ նորից դուրս կգա իր արդար պահանջով: Ելքը նորից չխաբվելն ու համախմբվելն է:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Աղբյուր՝  http://galatv.am/hy/news/176058/

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.