«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը։

– Պարոն Առաքելյան, որո՞նք են Սփյուռքի և Հայաստանի մարտահրավերներն այսօր: Ի՞նչ պետք է անի Սփյուռքը:

– Հիմնականում դա, իհարկե, Արցախյան հակամարտությունն է և տնտեսական վիճակը։ Անցյալ տարվա ապրիլյան դեպքերը բացահայտեցին մեր ուժեղ և թույլ կողմերը։ Պարզ դարձավ, որ այն սահմանների պաշտպանվածությունը, որի մասին տարիներ շարունակ խոսում էր Հայաստանի ղեկավարությունը, մեղմ ասած՝ թերի է, և մեր զինվորները ստիպված էին իրենց կյանքի գնով կանգնեցնել թշնամուն։ Ի վերջո՝ դա բերեց նրան, որ մենք տարածքներ կորցրինք, որոնք, ինչպես պարզեց պարոն նախագահը, անպետք դուրս եկան։ Չեմ բացառում, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանը կրկին կփորձի կազմակերպել նման դիվերսիաներ, և դրան պետք է պատրաստ լինել։

Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա նշեմ, որ Հայաստանը, մտնելով ԵՏՄ կազմի մեջ, էլ ավելի ծանրացրեց առանց այն էլ ոչ բարենպաստ բիզնես-մթնոլորտը հանրապետությունում։ Պետք է պարզ հասկանալ, որ Հայաստանը, կորցնելով եվրոպական ուղղվածությունը, դրա հետ մեկտեղ կորցրեց արևմտյան երկարատև ներմուծումների հնարավորությունը և փաստորեն հույսը կապեց Ռուսաստանի հետ, որը իր հերթին կանգնած է տնտեսական աղետի շեմին։ Օրինակ՝ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի առևտրաշրջանառությունը նույնիսկ Ռուսաստանի հետ նվազեց մոտավորապես 40  տոկոսով, նվազեց նաև մարդկանց կենսամակարդակը և այլն։ Ստեղծված պայմաններում Սփյուռքը, կարծում եմ, պիտի ինքնակազմակերպվի և փորձի գտնել այն ճանապարհները, որոնք մեր հայրենիքը դուրս կբերեն այս իրավիճակից։

– Որքանո՞վ է Սփյուռքը այսօր ադեկվատ գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը:

– Շատերը Սփյուռքում ուշադիր հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բայց շատ անգամ օգնությունը եզրափակվում է դրամահավաքով։ Համոզված եմ, որ միայն ֆինանսական օգնությունը  բավական չէ։ Ինչպես նշեցի,  խնդիրները պահանջում են լուծում և միջամտություն։ Ժամանակն ապացուցեց, որ ճգնաժամը տարեցտարի խորանում է, և եթե հիմա ոչ մի բան չձեռնարկվի, բազմաթիվ տնտեսական և, ամենակարևորը, քաղաքական խնդիրներ կդառնան անլուծելի։

– «Միասնություն Հայաստանում» նախաձեռնությունը, որը մասնակցություն կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին, առաջարկում է երկպալատ խորհրդարան ունենալ: Ի՞նչ կարծիք ունեք այս գաղափարի վերաբերյալ, սփյուռքահայերի մասնակցությունը խորհրդարանում ի՞նչ կտա:

– Գիտեք, իհարկե՝ շատ լավ կլիներ, եթե սփյուռքահայությունը ներկայացված լիներ խորհրդարանում, և կարելի է խոսել երկպալատ խորհրդարանի մասին, բայց միայն ընտրությունների հնարավորությունը ստեղծելուց հետո։ Հայաստանում, իմ համոզմամբ, արդեն 20 տարուց ավելի է՝ ընտրություններն ազատ և արդար չեն։ Կարծում եմ՝  նախ դրա մասին է պետք մտածել և հետո նոր խոսել ուրիշ հնարավորություններից։ Վերջերս բազմաթիվ նորաստեղծ կուսակցություններ և միություններ հայտարարեցին, որ ոչ միայն մասնակցելու են, այլ նաև հաղթելու են գալիք ընտրություններում։ Կարծում եմ՝ դա ընդամենը պայքար է համակարգային ընդդիմության համար  նախատեսված մի քանի խորհրդարանական տեղերի համար։

– Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում համակարգային փոփոխություններ կարո՞ղ են լինել այս ընտրություններից հետո:

– Նայած, թե ինչ ենք հասկանում համակարգային փոփոխություններ ասելով։ Եթե խոսքը իշխանական ներքին կառուցվածքի մասին է, կարծում եմ՝ հնարավոր են որոշ փոփոխություններ, եթե, իհարկե, ունեք իշխանափոխության հնարավորություն՝ ասենք, իշխող կուսակցության պարտություն, սակայն ես նման հնարավորությունները բացառում եմ վերոհիշյալ պատճառներով։

Աղբյուր՝ http://www.1in.am/2072375.html

Czech Republic Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.