Մի երկրում, որտեղ երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա, «ժողովրդավարական արդար ընտրություններ» հասկացությունը ծաղրանք է ժողովրդավարությանը – Armenian Renaissance  

Հարցեր ուղղված Սփյուռքի հանրածանոթ մեր հայրենակիցներին, ովքեր ողջունելի նախաձեռնություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան շահերը պահպանելու և զարգացնելու համար և ցանկանում են դիտորդական առաքելություն իրականացնել ապրիլի 2-ի ընտրություններին:

  • Ծանոթ չլինելով Հայաստանում ընտրությունները կեղծելու բոլոր մեխանիզմներին՝  դուք ձեր սահմանափակ դիտորդական միջոցներով հնարավորություն չունեք դիտարկելու բոլոր ընտրախախտումները: Հիմնական կեղծիքների մեծ մասը ռեժիմը բնականաբար կիրականացնի ձեր աչքից հեռու: Եթե դուք արտաքուստ լուրջ խախտումներ չտեսնեք, ի՞նչ գնահատական եք տալու ընտրություններին՝ որ ամեն ինչ օրինական է՞ անցել, և այդպիսով ռեժիմին նվիրեք լեգիտիմություն:
  • Շատերի համար, ովքեր դեռ ապրում են Հայաստանում, դուք կարելի է ասել այն վերջին հույսն եք, ով ուշացած հասնում է օգնության: Գիտակցու՞մ եք արդյոք այն հսկայական պատասխանատվությունը, որ ձախողման դեպքում դուք նույնպես մեղադրանքի ձեր բաժինը կունենաք մարդկանց անիրականալի խոստումներով հուսախաբ անելու համար:
  • Չե՞ք գտնում արդյոք, որ մի երկրում, որտեղ երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա, «ժողովրդավարական արդար ընտրություններ» հասկացությունը ծաղրանք է ժողովրդավարությանը: Արդյո՞ք դուք պատրաստ եք ընդունել այն փաստը, որ քաղբանտարկյալներով լեցուն երկրում ազատ և թափանցիկ ընտրություններ չեն կարող տեղի ունենալ:
  •  Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն նույնպես զգուշացրել է, որ Սփյուռքը անուղղակիորեն լեգիտիմություն է հաղորդում ռեժիմի անօրինականություններին, երբ ունենալով հանդերձ բարի և առաքինի նպատակներ, ակամա ներգրավվում է ռեժիմի աշխատանքներին: Դուք արդյոք ճի՞շտ եք համարում մասնակցել չընտրված նախագահի կեղծ հանրաքվեով ընդունված սահմանդրությամբ նախատեսված ընտրություններին, և դրանով լեգիտիմություն պարգևել անօրինական ռեժիմին:

Սիրելի աշխարհասփյուռ հայրենակիցներ:

Հայկական Վերածնունդ համափյուռքյան կազմակերպությունը մեծ համակրանք է տածում ձեր բոլորի նվիրական և հայրենանվեր աշխատանքի նկատմամբ: Մենք ողջունում ենք մեր Հայրենիքի ներքին խնդիրների լուծմանը ուղղված մեր հանրածանոթ հայրենակիցների նախաձեռնությանը: Մենք խրախուսում ենք բոլոր սփյուռքահայերին, որ իրենց ներկայությամբ սատար կագնեն ՀՀ շարքային քաղաքացու հոգսերին և իրենց մաշկի վրա զգան մարդու իրավունքների ոտնահարումների գոնե մի չնչին մասը, որոնց տակ կռած պայքարում է մեր ժողովուրդը: Սակայն միաժամանակ կոչ ենք անում բոլորին՝ սովորել ոչ թե սեփական սխալներից, այլ ունկնդիր լինել ժողովրդի ձայնին, ով վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթի ճանապարհը բռնելու փոխարեն մաքառել է իր սահմանադրական իրավունքների և իր ընտանիքի տարրական ապահովությունը պահպանելու համար:

Յուրաքանչյուր հայորդի, ով լծվել է Հայաստանի Հանրապետության կայացման և զարգացման աշխատանքներին, պարտավոր է գիտակցել, որ իր յուրքանչյուր գործունեություն պետք է ուղղված լինի պետականության և ինքնիշխանության կայացմանը և չգիտակցելով լեգիտիմություն չի հաղորդում Հայաստանի անօրինական ռեժիմին և դրանով նպաստում նրա ամրապնդմանը: Հետևաբար՝ հիմք ունենալով վերոհիշյալը, մենք մեր հայրենակիցներին կոչ ենք անում մտորել այս կարևոր հարցադրումների շուրջ և իրենց դիրքորոշումը պարզել հանրության համար:

Հայաստանի նախագահական ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն եղել են կեղծված և անօրինական: Ժողովրդի բառերով արտահայտված՝ չընտրված նախագահի չընդունված սահմանդրությանը մասնակցելը անօրինական է: Այս պայմաններում սփյուռքահայ անհատների կողմից խանդավառ մասնակցությունը միայն կնպաստի ռեժիմի անօրինական քայլերի օրինականացմանը, հիասթափության նոր ալիք և արտագաղթի նոր թափ հաղորդելով երկրին: Արդյո՞ք դուք պատրաստ եք կրել այսպիսի ծանր պատասխանատվություն:

 Վստահ ենք, ձեր նպատակները վեհ են և ամենևին միտված չեն օժանդակել անօրինական ռեժիմին: Սակայն եկեք լավ հասկանանք, որ ապօրինի սահմանադրությամբ չի կարելի օրինական ընտրություններ կազմակերպել: Նմանապես, քաղբանտարկյալներով լեցուն երկրում հնարավոր չէ ժողովրդավարական ընտրակարգ հաստատել:

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, մեր սփյուռքի հայրենակիցներին կոչ ենք անում՝ հստակեցրեք և վերանայեք ձեր դիրքորոշումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, կորոշեք մասնակցել ապրիլի 2-ի ընտրություններին, ապա կխնդրեինք հիշել, որ դա այն օրն է, երբ մեկ տարի առաջ մեր խիզախ հերոսները իրենց արյան գնով կանխեցին Արցախի բռնազավթումը:

Դրա փոխարեն կոչ ենք անում. ձեր ներկայությամբ արթնացրեք և ոգեշնչեք ամբողջ Սփյուռքը և Հայաստանի մեր հայրենակիցներին, որպեսզի բոլորս միավորված ոտքի կանգնենք և հասնենք ռեժիմի հեռացմանը, փրկենք մեր Հայրենիքի անկախությունը, և օգնենք մեր ժողովրդին տեր կանգնել իր ոտնահարված իրավունքներին: Որպես առաջին քայլ կոչ ենք անում՝ ռեժիմից պահանջեք ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին: Այս հարցում պատրաստ ենք ձեզ հետ քննարկել, լսել ձեր առաջարկությունները և աջակցել ձեզ:

Հայկական Վերածնունդ Համասփյուռքյան Շարժում

Հունվարի 26, 2017 թ:

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.