«Դաշինքներ ձևավորած անհատները փորձելու են շահարկել քաղբանտարկյալների, «Սասնա ծռերի» և մարտի 1-ի հարցերը». Թորոս Սեֆիլյան – Armenian Renaissance  

MAMUL.am-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի եղբայր, լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը:

– Պարո´ն ՍԵֆիլյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, ասել է` այո, սակայն հրաժարվել է պատասխանել` քաղբանտարկյա՞լ է Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նա որոշեց հենց հիմա բարձրաձայնել քաղբանտարկյալների հարցը, ինչո՞ւ նա այդ մասին չէր խոսում այն ժամանակ, երբ իշխանության մեջ էր:

– Նախևառաջ շատ կուզեի, որ մեր հայկական կյանքում արժանապատիվ ու համարձակ հայորդիների թիվը բազմապատկվեր և ինչու չէ` հազարապատկվեր, որպեսզի օր առաջ ազգային բոլոր խնդիրներին, կատարված անարդարություններին, կողոպուտներին լուծումներ տալով` կարողանանք փրկել և ուժեղացնել մեր բոլորիս հայրենիքը, որպեսզի հասնենք ծայրագույն այն նպատակին` մշակելով և ի վերջո ունենալով ազգային մի ծրագիր, որ այսօր չկա, այն ազնիվ ուղեգիծը, որ համայն հայության պատիվ ու երջանկություն կբերի:
Մինչև Ձեր հարցին պատասխանելը, կուզեի հարց տալ հասարակությանը, մասնավորապես բոլոր քաղաքական գործիչներին, թե ինչպե՞ս եղավ, որ տարիներ շարունակ դիտավորյալ պիտակավորեցին Ժիրայր Սեֆիլյանին, թե նա զինվորական լինելով` ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ, մինչդեռ այսօր, շատ այլ զինվորականներ նույնիսկ կուսակցություններ հիմնեցին ու դաշինքներ են ձևավորում: Ինչ-որ տեղ Ժիրայրի և մեզ համար շատ հեշտ էր, բայց մենք գիտակցությամբ ու գիտակցաբար մնացինք «ազգային ազատագրական պայքարի» քաղաքացիական շարժում, որը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին: Ի տարբերություն բոլորի, մինչ օրս Ժիրայր Սեֆիլյանն ազգային ազատագրական պայքարի գործի´չ է, և ո՛չ քաղաքական գործիչ:
Գալով Ձեր հարցին` Ս. Օհանյանի վերաբերյալ կասեմ հետևյալը. երբ ցանկացած մարդու հարցնեք, թե ինչպե՞ս է ձեր անունը, նա շատ արագ կպատասխանի` չսպասելով մամուլի ասուլիսի: Թե ինչն է, որ խանգարում է Ս. Օհանյանին հստակ ու արագ պատասխանել, իմ կարծիքով` դեռևս հաշիվների մեջ թաղված ապրելաձևը և ոչ բավարար ուժեղ և համարձակ լինելը: Համենայնդեպս, կապրենք, կտեսնենք…:
Իսկ գալով ընդհանուր քաղաքական դաշտին, նրանք, որոնք կեղծ ընդդիմություն պիտի ստեղծեն, թող իմանան, որ նույնպես ընտրակեղծիք է և ավելին` դավաճանություն` հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ բոլոր նրանք, որ ազնիվ չեն, նշանակում է պիտի աշխատեն մեկ բանի համար՝ վերարտադրել գործող իշխանությունը: Պետք է հիշել և համոզվել` ամեն մարդ Ժիրայր չէ´, որ հանուն հայրենիքի կարողանա բարձրաձայնել այն, ինչը` ինչպես որ կա և ինչպես որ պե´տք է:

– Օհանյանը չի բացառել, որ դաշինքի օրակարգում կլինի նաև 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը: Արդյոք սա չի՞ նշանակում, որ նախընտրական այս փուլում դաշինքներ ձևավորած անհատները փորձում են շահարկել քաղբանտարկյալների, մարտի 1-ի հարցը` ձայներ հավաքելու նպատակով:

– Միանշանակ՝ համաձայն եմ: Ինչպես շատերը, այնպես էլ ես այն կարծիքին եմ, որ Օհանյանն ու շատերը, դաշինքներ ձևավորած անհատները նախընտրական այս փուլում փորձելու են շահարկել քաղբանտարկյալների, «Սասնա ծռերի» և մարտի 1-ի հարցերը: Պարզապես, հասարակության ուշադրությունը գրավելու, նաև` ձայներ հավաքելու նպատակով կպատերազմեն` մինչև իրար կոկորդ կրծելը: Ես ցավում եմ, որ այսօր նրանք նման անմակարդակ գործընթացի մեջ են մտել: Ժողովրդական առածն ասում է` «դուռդ բաց մի թող, որպեսզի հարևանիդ գող չանվանես»: Հետևաբար, բոլոր քաղաքական գործիչները թող առիթ չտան, որ այսպիսի գնահատականներ չլսեն:

– Պարոն Սեֆիլյան, հուլիսյան դեպքերից հետո ի՞նչ փոխվեց հայաստանյան կյանքում, ըստ Ձեզ, ի՞նչ իրավիճակում ենք այսօր հայտնվել:

– Այո´, շատ բան փոխվեց մեր հայկական կյանքում, մասնավորապես ողջ հայ ժողովուրդն էլ ավելի տեղեկացավ հայրենիքում կատարված բոլոր տեսակի անարդարությունների մասին, հատկապես «ոստիկանապետական» համակարգի մասին, թե՝ ինչպիսին է եղել ու կա մինչ օրս: «Սասնա ծռերի» նվիրյալներին ենք պարտական մեր երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների համար: Բայց և այնպես, զոհողություններն ու արժեքները դեռևս բավականաչափ տեղ չգտան: Այսօր հասել ենք այն իրավիճակին, որ դարձյալ «կոտրած մատի ետևում թաքնված» փորձում ենք բնականոն կյանք վարել:Մի խոսքով` մենք ունենք այսօր այն, ինչն արդեն ուրիշն էր որոշել և ընտրել մեզ համար` բոլորովին օտարը:

– Ընտրությունների միջոցով երկրում դրական փոփոխությունների հույսեր ակնկալո՞ւմ եք:

– Ինչպե՞ս կարելի է «ծակված ու խորտակվող նավի հետ հույսեր կապել, լավ ակնկալիքներ ունենալ, հեռանկարներ տեսնել: Նկատի ունեմ ինչպե՞ս կարելի է այս բռնապետական համակարգի օրով ընտրությունների հետ հույսեր փայփայել: Հայկական կյանքում դեռ նույնն է ամեն բան, ինչպես «վազքը ձիունն է՛, բայց պատիվը տիրոջը, այնպես էլ` պայքարը նվիրյալինն է, բայց աթոռը տականքի´նը: Բռնակալությունը կա´ ու կլինի՛, եթե շարունակենք ապրել անտարբեր և վախով: Հետևաբար, եթե չապստամբենք այս ռեժիմի դեմ, շատ արագ կունենանք տխուր վախճան և, եթե այսօր ռիսկի չդիմենք, վաղը մենք ռիսկի ենք դիմելու հազար անգամ ավելի՛: Եթե մեր մեջ ուժ, կամք, գիտակցություն, կարողություն և գլխավորը` ազգային արժանապատությամբ բարոյականություն չենք գտնելու` ինքներս մեզ փոխելու և պաշտպանելու համար, հետևաբար, միշտ առաջնային է դառնալու «հանձնվելու» փիլիսոփայությունը` թե´ ներքին և թե´ արտաքին թշնամուն:
Հարգելով բացառությունները` ավագ սերնդի ներկայացուցիչնե´ր, քաղաքագետնե´ր, վերլուծաբաննե´ր, հոգևոր առաջնորդնե´ր և քաղաքական գործիչնե´ր, 25 տարվա արդյունքները բոլորիս համար շատ պարզ են և հերի´ք է «դատարկ օդում կրակեք», որովհետև ամեն մի փամփուշտն արժեք ունի, և մինչև իրար թաղելը` փրկեք հայրենիքն ու ապագա սերնդին:

Աղբյուր՝ http://mamul.am/am/news/100103

Lebanon Chapter

1 Comment

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.