Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն-1860 կազմակերպության նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Նախ՝ կցանկանայի ներկայացնեիք, թե ինչ է իրենից ներկայացնում գերմանահայ սփյուռքը, որը, բնականաբար, ձեւավորվել է տարբեր տարիներին ներգաղթած հայերից։ Ի՞նչն է նրանց ամենաշատը մտահոգում ՀՀ-ում, ի՞նչ խնդիրների պատճառով են նրանք հեռացել Հայաստանից։

– Գերմանիայի հայ համայնքը բազմաշերտ համայնք է և իր անդամների սոցիալական ու աշխարհագրական ծագմամբ, ինչպես նաև համայնքային տարաբնույթ զարգացումներով, որոշակի նմանություններ է արձանագրում հատկապես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և մի քանի այլ հայ համայնքների հետ: Գերմանիայի հայ համայնքը վերոհիշյալ և այլ հատկանիշներով տարբերվում է օրինակ Լեհաստանի, Հունգարիայի, Իսպանիայի, Ռուսաստանի և շատ այլ հայկական համայնքներից: Բազմաշերտությունը, բազմաբառբառ լինելը և տարբեր երկրների մշակույթներից ազդված լինելուց հետո Գերմանիայում հանգրվանելը, մի կողմից իր հետ մշակութային և լեզվական հարստություն է բերում համայնքային կառույցներ, մյուս կողմից` համայնքներին հաճախ տանում է բազմաբևեռության և ստեղծում չափազանց դժվար կազմակերպվելի վիճակ: Առաջին հերթին այստեղի այս բազմախավությունն է, որը մի քանի այլ գործոնների հետ միասին, գերմանահայ համայնքներին ու կազմակերպություններին բերել է ներկա համայնքային երանգաշատ վիճակին:

Ելնելով սույն կարևոր հանգամանքից, երբեք չի կարելի պնդել, որ գերմանահայությունը այս կամ այն ազգային հարցի վերաբերյալ այս կամ այն հստակ տեսակետն ունի: Գերմանահայերի զանազան շերտեր ամենազանազան մոտեցումներն են ցուցաբերում ՀՀ-ին վերաբերվող հարցերին։ Մեկ մեծ խմբին անհանգստացնում է իրար հաջորդող ՀՀ իշխանությունների ապաշնորհ, կոռումպացված ու հանցագործ վիճակը, որն այսօրվա պետականությանը հասցրել է նման տկար աստիճանին, տնտեսության ու մշակույթի ներկա ողբերգական վիճակը ստեղծել, ուստի և այս շերտը կարծում է, որ ամեն առիթով պետք է ըմբոստանալ ներկա իշխանությունների դեմ ու ընդիմադիր կեցվածք դրսևորել` փրկելու համար պետականության, տնտեսության ու մշակույթի մնացյալը, մյուս շերտը բավարարված ասում է, որ «վիճակը չնայած բարվոք չէ, բայց մենք ասորիներից ու քրդերից 1000 քայլով առաջ ենք, մենք գոնե պետականություն ունենք, սպասենք, ամեն բան կլավանա» և սին հավատով սպասում է աստծո ողորմածությանը, մեկ այլ խմբի համար էլ ՀՀ-ն իր իրական բովանդակությամբ «հասանելի չէ», քանի որ կան լեզվական և տեղեկատվության անհասանելիության հանգամանքներ, ուստի և մեծ հաշվով անտարբեր է և այլն: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպվող մեդալների ու պատվոգրերի անբարո քաղաքականության միջոցով համայնքների որոշ ղեկավարներին և այլ գործիչներին կաշառելու և լռեցնելու գործոնը, ինչպես նաև որոշների՝ ՀՀ-ում ունեցած բիզնեսի առկայության կամ ծրագրելու հանգամանքը, որոնցով պայմանավորվում են որոշ համայնքային վարչությունների կեցվածքներ և այլն։

Իսկ ինչ վերաբերվում է հայաստանցի հայերի պատճառներին, որոնց հետևանքով նրանք տեղափոխվել են Գերմանիա, ապա դրանք շատ բազմազան են: Դրանցից առաջիններից են սոցիալական ու տնտեսական ահռելի անարդարությունները, ՀՀ պետական մաֆիան, առողջապահական համակարգի կոռումպացված ծանր վիճակը ու վերջին տարիներին բնակչության մեջ զանգվածային տարածում գտած մահացու հիվանդությունները, տնտեսական ներկա գայլային համակարգի հետևանքով շատ ընտանիքների հայտնվելը ֆինանսական կրախի առջև և այլն: Կան, սակայն, դրական շարժառիթներ ևս, որոնցից պետք է նշել հատկապես համալսարանական կրթության շարունակության, ինչպես նաև միջազգային կառույցներում աշխատատեղեր ստանալու հնարավորությունները և այլն:

-Ամեն տարի, ապրիլի 24-ին, գերմանահայերը հիշում եւ հարգանքի տուրք են մատուցում եղեռնի զոհերի հիշատակին։ Հիշելը, Եղեռնի ճանաչումը պահանջելը որքանո՞վ կարող են այսօր փոխել արտաքին աշխարհի վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, արդյո՞ք դա չի հանգեցնում քաղաքական շահարկման։

-Այո, ինչպես աշխարհի բոլոր հայ համայնքները, այնպես էլ գերմանահայերը, ոգեկոչման և պահանջատիրության միջոցառումներ են անցկացնում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և Արևմտյան Հայաստանի բռնազավթման դեմ բողոքելու համար, որը, ի շարս այլ կարևոր նպատակների, երկու հարցերը պահում է միջազգային քաղաքականության օրակարգում, զգոն է պահում համաշխարհային հանրության միտքը և յուրաքանչյուր քաղաքական հարմար առիթով իր օգտակարությունը բերում նաև ՀՀ-ին: Քաղաքական շահարկման առումով կնշեմ միայն, որ հայկական կողմի համար պետք է դիվանագիտական ծրագրային դրույթ դարձնել այս հարցում մշտապես իր կողմից նախաձեռնող ու նախահարձակ լինելու դիրքի ստեղծմամբ կրճատել համաշխարհային քաղաքական արենայում քաղաքական շահարկման հնարավորության սահմանները:

-Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն այսօր որքանո՞վ են հետաքրքրում սփյուռքահայերին։ Ինչպե՞ս են նրանք պատկերացնում ներքաղաքական խնդիրների լուծումը։

-Ինչպես արդեն վերևում նշեցի, բազմադիմագիծ ու բազմերանգ պատկեր ներկայացնող գերմանահայ համայնքները, բայց նաև տասնյակ-հազարավոր հայեր, չեն կարող գոնե մեկ մոտավոր կարծիք հայտնել այսպիսի երևույթների նկատմամբ, ուստի և 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններ անվանված տրագիկոմեդիայի հարցում նույնպես ամենատարբեր մոտեցումներ դրսևորեցին` կատարվածի հետ համաձայնվելուց մինչև այդ ողբերգական երևույթի հետևանքով հոգեբանական տրավման հաղթահարելու համար հարցը կոմեդիկ դաշտ տեղափոխելու փորձերը:

ՀՀ ներքաղաքական խնդիրների լուծմանը արդյունավետ և արագ հասնելը, այստեղ Հայաստանով ապրող շատերի կարծիքով, պետք է լինի ՀՀ ներքաղաքական ծրագրերի և արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացներին սփյուռքահայ կարող ուժերի ներգրավման ճանապարհով, որին, ցավոք, ՀՀ իշխանությունները սարսափով են մոտենում և ամեն գնով կտրուկ փակում են այդ գործընթացի որևէ զարգացման համար առաջացող թեկուզ փոքրիկ արահետ:

-Սփյուռքից արձագանքներ կային անցյալ տարի, «Սասնա ծռեր»-ի գործողությունների օրերին։ Ըստ Ձեզ՝ այդ գործողություններն ի՞նչ տվեցին Հայաստանին։

-Այո, Սփյուռքից բավականին մեծ աջակցության արձագանքներ ու գործողություններ եղան «Սասնա ծռեր»-ի հերոս տղաների գործողությունների օրերին։ Միայն Գերմանիայում, 2016-ի օգոստոսին, Բեռլինում ՀՀ դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի և ընդդեմ մեր ժողովրդի դեմ ՀՀ իշխանության վարած բռնի քաղաքականության, համատեղ բողոքի ցույցի ելան 8 հայկական համայնքներ ու կազմակերպություններ, որը Գերմանիայի հայ համայնքի ողջ պատմության մեջ նախադեպը չունեցող եզակի երևույթ էր, երբ այսքան թվով կառույցներ դուրս են գալիս ՀՀ դեսպանատան դեմ ընդդիմադիր կեցվածք դրսևորելու։ Նույնը կրկնվեց մեկ ամիս հետո, 2017-ի սեպտեմբերի 17-ին, Գերմանիայի ամենահայաշատ քաղաք Քյոլնում, որտեղ նույնիսկ խորհրդանշական ձևով 72 աղավնիներ բաց թողնվեցին եվրոպական երկնակամար` ի պաշտպանություն ՀՀ 72 քաղբանտարկյալների ազատ մտքի ու ոգու։ Պաշտպանության և բողոքի միևնույն բովանդակությամբ ցույցեր կազմակերպվեցին աշխարհի բազմաթիվ այլ հայկական համայնքների կողմից։ «Սասնա ծռեր»-ի հերոս տղաների գործողությունների արդյունքը մեր ժողովրդի համար, բնականաբար, անգնահատելի մեծ էր և է։ Այդ գործողությունների արդյունքում մեծ քայլ կատարվեց նաև մեր ժողովրդի միջազգային հեղինակության բարձրացման առումով։ Չնայած ռուսական քարոզչական ապարատը փորձեց հարյուրամյակներով իրեն հարազատ մեթոդներով վարկաբեկել մեր մաքրամաքուր տղաներին, այդուհանդերձ, այստեղ` Եվրոպայում, առաջադեմ մտավորականությունն ու գործին ծանոթացած մտածող եվրոպացին իր համար կրկին հաստատեց հայ ժողովրդի նկատմամբ իր ունեցած վաղեմի կարծիքը, իսկ մինչ այդ մեր ժողովրդին անծանոթը ծանոթացավ հայ ժողովրդի իրական մտքին ու գործին, ըստ որի, այդ ժողովուրդը նույնիսկ մահվան գնալով ու իր միակ արու ժառանգին չխնայելով, մերժում է կոռուպցիան, մաֆիան, ստրկամտությունը, պայքարում է իր պետականության պահպանման ու Հայաստանի զարգացման համար և որ Հայաստանի Հանրապետության ներկա անմխիթար վիճակի ճարտարապետները որևէ կապ չունեն իրական հայի էության, խառնվածքի ու մտքի հետ։ Ասվածի ապացույցը նաև նա է, որ գերմանական թերթերը այդ օրերին «Սասնա ծռեր»-ի գործողությունները մեկնաբանելիս մեջբերումներ էին անում հենց Վարուժան Ավետիսյանի հայտարարություններից և որևէ ՀՀ իշխանական հերքմամբ չէին մերժում ասվածը, դրանով հստակ կանգնում այդ ազնվաբարո տղաների մտքի ու գործի պաշտպանության դիրքերում։

-Ինչպե՞ս է ընկալվում Հայաստանը Գերմանիայում։ Ժամանակակից մշակույթը ինչպե՞ս է ներկայացվում Գերմանիայում։

-Հայաստանի ընկալումը Գերմանիայում, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընդհանուր առմամբ դրական է։ Պետք է ասեմ նաև, որ բավականին մեծ զանգվածի համար, Հայաստանն ու հայ ժողովուրդը դեռ մնում են անծանոթ, կամ քիչ ծանոթ։ Այս առումով հայկական համայնքների և բազմաթիվ անհատների կողմից, իրոք, հսկայական աշխատանք է տարվում այստեղ։ Ծանոթության առումով իրավիճակը 1990-ականների հետ համեմատ, իհարկե, հսկայական է, որը իր հետ բերեց տասնյակ-հազարավոր հայաստանցի հայերի Գերմանիայում հաստատվելու հանգամանքը և եղած սփյուռքահայ համայնքների ու անհատ սփյուռքահայերի պարբերական ու հետևողական աշխատանքը այս ուղղությամբ։ Իհարկե, այստեղ դեռ կա անելու հսկայական աշխատանք։

Ժամանակակից հայ մշակույթը այս մեծ երկրում գնալով ավելի շատ առիթներով է ներկայացվում լայն զանգվածներին, որոնցից են նախ այստեղ ապրող ու գործող հայ նկարիչ-քանդակագործների, այլ արվեստագետների հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսները, գերմանահայ գրողների, լրագրողների լուսաբանող հրապարակումները, բազմաթիվ հայ բարձրակարգ երաժիշտների, երգիչ-երգչուհիների համերգները, հայկական համայնքների ու կազմակերպությունների կողմից մշտապես կազմակերպվող հայկական մշակութային օրերը, շաբաթները և ամիսները, ինչպես նաև ՀՀ-ից բազմիցս հրավիրվող հայկական համույթների ու արվեստագետների համերգներն ու ցուցահանդեսները։

Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.