Ի՞նչ են կորցրել հայաստանցի մեծահարուստ պաշտոնյաներն ու քրեական հանցագործները Չեխիայում – Armenian Renaissance  

Մեր զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը։

-Պարոն Առաքելյան, Չեխիայի հայ համայնքն ինչպե՞ս արձագանքեց Ռոբսոնի ձերբակալությանը, այդ սկանդալին: Հայաստանի ներդրողների ակումբը որևէ կերպ չարձագանքեց Ռոբսոնի շուրջ ծավալված իրադարձությանը:

-Ես չեմ ակնկալում որևէ լուրջ արձագանք այդ ամենին։ Տեղի ունեցածն այստեղ մամուլի ու ոստիկանության կողմից չներկայացվեց այնպես, որ այն ունի հայկական գործոն։ Դա ավելի շատ ներկայացվում էր որպես ռուսական քրեական միջավայրի հետ կապված միջադեպ։ Փառք Աստծո, որ դա չի դիտարկվել որպես հայկական գործոնի հետ կապ ունեցող միջադեպ և որևէ բացասական շողք չգցեց այստեղ բնակվող հայերի վրա։

-Ընդհանրապես ընդունված է ասել, որ Չեխիան շատ հայ պաշտոնյաների հանգրվանն է։ Օրինակ՝ Երվանդ Զախարյանը և նրա զավակները միլիոնավոր գումարներ ունեն ներդրած Չեխիայում։ Այլ ներկա և նախկին պաշտոնյաներ ևս։ Ի՞նչ է Ձեզ հայտնի մեր պաշտոնյա –գործարարների՝ Չեխիայում ներդրած բիզնեսներից:

-Եվրոպայում բիզնես անելու համար պետք է որոշակի ունակություններ ունենալ։ Այն բիզնեսի տարատեսակը, որին սովոր են մեր պաշտոնյաները Հայաստանում և որի արդյունքում կարողանում են մեծ գումարներ աշխատել շնորհիվ մենաշնորհների կամ կոռուպցիոն տարբեր սխեմաների, այստեղ դա չի աշխատում։ Այստեղ բիզնես ծրագիր իրականացնելու համար պետք է կարողանաս դա անել, պետք է ունենաս լուրջ բիզնես պլան, անես ներդրումներ և ամենակարևորը, դրանով պետք է զբաղվեն մասնագետները։ Ներդրումների այն տեսակը, որը տեղի է ունենում և որի մասին դուք եք ասում, դա ավելի շուտ անշարժ գույքի, վարձակալության հետ կապված բիզնեսի մասին է խոսքը։ Նրանք պարզապես գնում են անշարժ գույք և վարձով են տալիս։ Ընդհանրապես Եվրոպայում վերջին տարիներին անշարժ գույքի գները բարձրացել են։ Ժամանակ առ ժամանակ հայ համայնքի ականջով ընկնում է նման փաստերի առկայությունը։ Դա ոչ հայ համայնքը, ոչ էլ Չեխիայի իշխանությունները չեն համարում որպես օրենքի խախտում։ Այլ խնդիր է, թե որոնք են դրա դրդապատճառները։

-Իսկ որո՞նք են դրդապատճառները, գումար աշխատե՞լը… Հայաստանի մեծահարուստները, փոխանակ Հայաստանում ներդրում անեն, դուրս են հանում գումարները, ինչո՞ւ:

Ես չեմ կարծում, որ իրենք մեծ գումարներ են աշխատում, ավելի շատ դա գումարների ներդրում է։ Իրենք հասկանում են, որ այստեղ օրենքն աշխատում է, հասկանում են, որ եթե դու անշարժ գույք ես գնել, ոչ մեկը չի գա ձեռքիցդ վերցնի, ու մտածում են, որ այստեղ ներդրումներ անելը լավ է, մտածելով, որ գուցե հետագայում այդ գումարները նորից կարողանան վերածել ֆինանսների և այստեղ օգտագործել։ Ինչու են Հայաստանում պաշտոնյաները և բիզնեսմենները, որոնք ուղղակի կապ ունեն պաշտոնյաների հետ, ներդրումներ անում արտասահմանում։ Նախ, նրանք իրենց և իրենց երեխաների ապագան չեն կապում հայրենիքի հետ։ Նրանք Հայաստանը դիտարկում են միայն որպես փող ստեղծելու միջոց։ Հետագայում իրենց ընտանիքների, իրենց երեխաների հետ միասին կմեկնեն արտասահման ապահով ծերություն անցկացնելու համար։ Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանում մեծ ֆինանսներ պահելու համար դու ուղղակիորեն պետք է կապված լինես երկրի ղեկավարության, իշխանության հետ: Նրանք աշխատում են անվտանգ «զոնայի» մեջ լինել

-ՀՀԿ խոսնակը մեջբերել է Նժդեհի խոսքը, որ պետք է համախմբվենք, երիտասարդները պետք է լինեն միասնական, հայ հոգևորականությունը պետք է աղոթի հայ զինվորների հաղթանակի համար, հրամանատարները պետք է լինեն ժողովրդի հետ և մեր մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակները։ Ինչպե՞ս եք ընդունում այս հայտարարությունը: Ո՞ւմ էր հասցեագրված: Ըստ Ձեզ՝ ի՞նչ արձագանք կստանա Սփյուռքում:

-Նման հայտարարությունները փաստում են, որ այսօր իշխանությունը զուրկ է գաղափարախոսությունից: Նժդեհն իսկական հայրենասեր է եղել և իր կյանքով դա ապացուցել է, մինչդեռ հիմա նրա խոսքերը դարձնում են դրոշակ այն մարդիկ, ովքեր երկիրը կործանում են: 25 տարի է մենք աճ չենք ապրել: Վերջին 15 տարիների ընթացքում իշխանությունը ընդհանրապես չի փոխվել, չի ստեղծվել ոչ կրթական համակարգ, բանակային ռեֆորմ չի իրականացրել, որը հնարավորություն կտար ոչ թե այսօր կապվածության մեջ լինել Ռուսաստանից, այլ լիներ ինքնաբավ երկիր, որ կարողանար հակառակորդի ագրեսիաներին կոշտ և կոպիտ պատասխան տար, ոչ թե խոսեին այն մասին, որ 800 հեկտար հող են թողել, մի մեծ բան չէ և այլն, և փաստորեն մենք սահմանը պահում ենք մեր երեխաների կյանքի գնով: Այս ամենից հետո հանկարծակի հիշեցին Գարեգին Նժդեհի այս խոսքը, ինչ գրպանը դատարկելու մասին է խոսք գնում, երբ գումարն էլ է իշխանության գրապանում, ամեն ինչն էլ:

  • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
  • Հյուր` Բագրատ Առաքելյան

Աղբյուր՝ http://www.1in.am/2152370.html

Czech Republic Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.