Արժևորելով և բարձր գնահատելով Հայաստան-Սփյուռք անքակտելի կապը՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն ահազանգում է. Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ռեժիմը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի կազմակերպմամբ կրկին անգամ նենգափոխում և չարաշահում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ռեժիմը ոչ միայն չի բավարարվում Սփյուռքի ռեսուրսները խաբեությամբ մսխելով, այլ նաև ամեն գնով աշխատում է ստեղծել պատրանք, որ իբր Սփյուռքը սատարում է իր գործունեությանը։

Հատկապես հեգնական է հնչում համաժողովի ընտրված վերնագիրը՝ «Փոխադարձ վստահություն»: Սփյուռքը վաղուց դադարել է վստահել ներկայիս իշխող վարչակարգին՝ ելնելով այդ վստահության չարաշահման անցյալի դառը փորձից:

Սփյուռքը Հայաստանի իշխանությանը վերաբերվում է որպես կոռուպցիայի մեջ թաղված, ապազգային վարչակազմ, որի հետ Սփյուռքը պարզապես համակերպվում է՝ հույս ունենալով, որ ապագայում իրավիճակը կբարելավվի։ Սակայն ցանկացած Հայաստան-Սփյուռք ձեռնարկ ապարդյուն է և ինքնանպատակ, եթե այն չի առնչվում Հայաստանի ամենահրատապ մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ՀՀ ինքնիշխանության դեմ սպառնալիքները, համատարած կոռուպցիան, արտագաղթը, Արցախի անվտանգությունը և Հայաստանի հետ վերամիավորումը: Այս և նման կարևոր այլ հարցեր բացակայում են համահայկական համաժողովի օրակարգից՝ հետևաբար վերածելով այն ձևականության և կարևոր ռեսուրսների վատնման։

Սերժ Սարգսյանի ռեժիմն ի զորու չէ լուծելու որևէ քաղաքական կամ տնտեսական խնդիր, քանի որ այն չունի ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակություն: Ավելին, հենց ինքը ռեժիմն իր կործանարար գործունեությամբ վերածվել է համազգային գերխնդրի, որը հրատապ լուծում է պահանջում։ Հայաստանի քաղաքացիները զրկված են ղեկավար ընտրելու իրական հնարավորությունից և հետևաբար չունեն լեգիտիմորեն լիազորված մարմին, որն իրավասու կլիներ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատշաճ մակարդակով և բովանդակությամբ կարգավորելու։

Մյուս կողմից, Սփյուռքը նույնպես համաժողովում լիարժեք ներկայացված չէ, քանի որ չկա Սփյուռքն ամբողջովին ներկայացնող մարմին: Այնտեղ հրավիրված են միայն կազմակերպություններ ու անձինք, ովքեր ցանկալի են ռեժիմի համար և նրա կործանարար գործունեության նկատմամբ աչք են փակում: Հետևաբար՝ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի որոշումները չեն ներկայացնում ոչ Հայաստանի քաղաքացիների և ոչ էլ Սփյուռքի դիրքորոշումը և ցանկությունները: Համաժողովը պարզապես գործիք է ռեժիմի ձեռքում՝ սփյուռքում իր դիրքերն ամրապնդելու և լեգիտիմության շղարշն ամրապնդելու համար:

Ավելին, համագործակցելով ՀՀ վարչակազմի հետ՝ Սփյուռքի ներկայացուցիչներն անուղղակիորեն մասնակցում են Հայաստանի ինքնիշխան պետականության կործանմանը և գաղութացմանը: Այդ պատճառով համաժողովի օրակարգը համարում ենք կեղծ, ապազգային և անօրինական, իսկ սփյուռքահայ մասնակիցներին կոչ ենք անում սթափվել, չդառնալ ռեժիմի գործիքը և իրենց ջանքերն ուղղել Հայաստանը ռեժիմից ազատագրելուն, գաղութացման դեմ պայքարին, Հայաստանի ժողովրդավարացմանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնմանը:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն

Սեպտեմբերի 15, 2017 թ.

Los Angeles Chapter

3 Comments

Leave a Reply to Los Angeles Chapter Cancel reply

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.