ScanNews.amի զրուցակիցը սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ֆրանսիաբնակ Շանթ Ոսկերիչյանն է:

– Պարոն Ոսկերիչյան ՀՀ քաղաքական ուժերը՝ իշխանական և ընդդիմադիր որքանո՞վ են իրենց գործունեությամբ նպաստում ՀՀ քաղաքական դաշտի կայացմանը:

– Իրականում արդյո՞ք կարելի է խոսել իսկական քաղաքական դաշտի մասին, երբ խոսքը գնում է ՀՀ-ի մասին։ Մի երկրում, որն իրեն ժողովրդավարական է հռչակում, քաղաքական դաշտը՝ որպես այդպիսին, կարող է կայանալ միայն ու միայն ժողովրդավարական արդար ընտրություննների արդյունքում ձևավորված քաղաքական համակարգում։ Իսկ կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական համակարգում գործող քաղաքական ուժերը կարող են նպաստել միայն ու միայն կեղծված մի քաղաքական դաշտի կայացմանը։ Ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է պահպանելու և հզորացնելու համար օլիգարխիային, որը խորհրդային կայսրության անկումից հետո կեղեքել է ժողովրդին, աղքատացրել է նրան և հետո շատ-շատերին հարկադրել է բռնել արտագաղթի ճամփան։ Իրական ընդդիմությունն այսօր ներկայացնում են քաղբանտարկյալները և նրանց զորակիցները։

– Վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով՝ պահանջելով Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա, իսկ Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամսվա ազատազրկում: Համարու՞մ եք, որ ՀՀ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսում որոշ ընդդիմադիր ուժերի հետ:

– Անտարակույս։ Իսկ երբ խոսում եք «որոշ ընդդիմադիր ուժերի» մասին, խոսքը գնում է այն ընդդիմադիր ուժերի մասին, որոնք չեն ընդունում կայացած քաղաքական դաշտը։ Արդար ընտրությունների ճանապարհը լինելով փակ՝ գործող օլիգարխական իշխանությունը հաշվեհարդար է տեսնում իսկական ընդդիմադիր ուժերի հետ ընդհուպ մինչև ճաղերից այն կողմ։ Ներկայիս քաղաքական իրականության համատեքստում, ուր չի գործում գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը, որն էլ հանդիսանում է ներկայացուցչական ժողովրդավարությունների հիմնարար սկզբունքը, դատախազի պահանջները վկայում են իշխանության՝ ցանկացած ընդդիմություն խորտակելու տրամադրության մասին։

– Հետադարձ հայացք գցելով անցյալի՝ մասնավորապես «Սասնա Ծռեր»-ի պայքարի վրա, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն որևէ արդյունք տվեց:

– Նույն հարցը, որ տալիս ենք այսօր ազատազրկման մեջ գտնվող «Սասնա Ծռեր»-ի մասին, տրվում էր նաև Խորհրդային Միության ժամանակ՝ այլախոհների մասին, ու մի օր էլ խորհրդային կայսրությունն ընկավ։ Օլիգարխական իշխանությունը չի կարող հավերժական լինել, և Հայաստանը մի օր կդառնա իրավական պետություն։ Մղվող քաղաքական պայքարները միշտ չէ, որ անմիջական արդյունք են տալիս։ Կարևորն այն է, որ այդ պայքարները գոյություն ունեն, ինչն էլ ինքնին հուսադրող է։

Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի

Աղբյուր՝ https://scannews.am/news/view/11678.html

Paris Chapter

1 Comment

Leave a Reply to Los Angeles Chapter Cancel reply

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.