ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի նախագահ Գարիկ Խաչատրյանը:

 -Պարոն Խաչատրյան, Ձեր կարծիքով ինչպե՞ս մոտիվացնել սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք դերակատարություն ունենան Հայաստան պետության կայացման գործում: Ինչպե՞ս ներգրավել նրանց, որ դառնան գործոն:

-Որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները մասնակից դառնան պետության կայացմանը, նախ պետք է մենք ունենանք պետություն: Այս պահի դրությամբ մենք չունենք պետություն, և դա լավ հասկանում են մեր հայրենակիցները: Չմոռանանք, թե մեր հայրենակիցներն ինչ պատճառներով են հեռացել Հայաստանից՝ անօրինականության, մարդու իրավունքների բացակայության, օրենքի բացակայության, երբ խոսքը վերաբերում է իշխանավորներին, անպատժելիության և տնտեսական ծանր վիճակից:

Ընդհանրապես պետության հիմքը սահմանադրությունն է, որտեղ ամրագրվում են քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Բայց մենք տեսանք՝ ինչպես սահմանադրության հանրաքվեի արդյունքները կեղծվեցին, իսկ կեղծ սահմանադրության վրա հիմնված ցանկացած գործունեություն, կառույց և ընդհուպ մինչև նախագահ ընտրել արդեն կեղծիք է, անօրինականություն: Եվ սա տեսնում է մեր ժողովուրդը, և նախկին հիասթափություններին ավելանում է նորը:

Մենք պետք է կարողանանք մարդկանց ներկայացնել այնպիսի ծրագիր, որն արժանահավատ կլինի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կտա հնարավորություն իրենց խոսքն ասելու, և համոզված կլինի, որ իր ջանքերն իզուր չեն կորչելու:

Սփյուռքը որպես գործոն հիմա էլ կա, որպես օրինակ՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն արդեն հինգ տարի ակտիվ մասնակցություն ունի թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում կատարվող իրադարձություններին, բայց դա քիչ է, պետք է ավելի հզոր կառույցներ ստեղծել, որպեսզի կարողանանք ազդել համաշխարհային քաղաքականության վրա: Սփյուռքն ունի այդ պոտենցիալը, միայն պակասում է ցանկությունն ու միավորված աշխատելու մտածելակերպը:

-Սփյուռքի անկախության վերաբերյալ կան խիստ հակասական կարծիքներ: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է հայկական սփյուռքն այդ տեսանկյունից:

-Սփյուռքը բազմաշերտ է, և միանշանակ ասել, թե անկախ է կամ ոչ՝ սխալ կլինի:

Գիտենք, որ սփյուռքը վերջին 100 տարիների ընթացքում գտնվել է դասական կուսակցությունների ազդեցության տակ, և այդ կուսակցություններն էլ առիթից օգտվելով, որ չկա այլընտրանք, սփյուռքին ենթարկել են տեղեկատվական շրջափակման՝ նպատակ ունենալով պահել բոլորին իրենց ազդեցության գոտում, և ինչ-որ չափով հաջողվել էր, մինչև վերջերս մենք որպես անկախ կառույց սկսեցինք գործել: Մեր գործունեության արդյունքում մարդիկ կարողացան տեղեկանալ իրական վիճակին, և արդյունքն արդեն տեսանելի է, բայց դեռ ոչ բավարար: Մենք շարունակում ենք աշխատել և հույս ունենք, որ մեր հայրենակիցները դուրս կգան հին կարծրատիպերի շրջանակից ու մեզ հետ կմասնակցեն Հայաստան պետության ստեղծմանը:

-Ձեր կարծիքով, որո՞նք են եղել այն խանգարող հանգամանքները, որ տարիներ շարունակ սփյուռքի ներուժը չի ծառայեցվել մեր երկրի ներսում կարևորագույն խնդիրներ լուծելուն:

-Խաբված լինելը: Շատերն են ներդրումներ արել Հայաստանում և կարճ ժամանակ անց չեն ունեցել արդյունք և կորցրել են նաև ներդրված գումարները:

Հասկանալի է, որ խաբվել են իշխանության կողմից:

Երկրորդ պատճառն այն է, որ մինչև հիմա սփյուռքին վերաբերվում են որպես ֆինանսի աղբյուր, «կթան կով», որը միշտ պարտավոր է օգնել, բայց ոչ խոսել. փողը տուր, մենք ինչ կանենք՝ ձեր գործը չէ: Այսպես հնարավոր չէ շարունակել:

Ուրիշ երկրները եթե գումար են տալիս Հայաստանին, փոխարենը պահանջում են իրենց ցանկությանը համաձայն օրենքներ ընդունել, ընդհուպ մինչև սահմանադրության մեջ իրենց պահանջները ամրագրել, իսկ սփյուռքի մեր հայրենակիցները զրկված են ամենատարրական իրավունքներից, և ավելին, երբ Հայաստան են այցելում, ազգային անվտանգությունը նրանց հետ վերաբերվում է որպես հնարավոր հանցագործի, նրանք գտնվում են մշտական հսկողության տակ:

-Անդրադառնանք Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին: Ապրիլին նոր իրականության առաջ կկանգնի ՀՀ քաղաքացին, Հայաստանը կթևակոխի խորհրդարանական կառավարման համակարգ, խորհրդարանը կընտրի վարչապետի, կլինի նոր կառավարություն և այլն… Ինչի՞ սպասել արդյունքում:

– Ոչինչ չի փոխվելու, բացի բռնապետին տրված ավելի մեծ հնարավորություններից:

Քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ, երբ մարդն իր տանը քնած, և ինչ-որ տեղ ինչ-որ մարդկանց մասնակցությամբ վթար է տեղի ունենում, և «պատահաբար» հայտնաբերվում է զենք, որը վերագրվում է տանը քնած մարդուն, և կալանավորվում առանց որևէ ապացույցի, երբ մարդուն դատում են նոր տարվա կապակցությամբ Ազատության հրապարակում տոնածառ դնելու ցանկության համար, երբ մարդկանց վրա գործեր սարքելով կամ հեռախոսի խոսակցությունների հիման վրա դատում են, խոսել որևէ լավ սպասելիքի մասին ուղղակի անիմաստ է:

Սակայն պետք է նշել, որ փակուղային իրավիճակ գոյություն չունի, այն կա մարդկանց մտածելակերպի մեջ, եթե մարդկանց մոտ հասունանա անկախ պետություն ունենալու ձգտումը, փոփոխությունը երկար չի տևի:

Իշխանությունը վերարտադրվել է ուժի կիրառումով, որը հակաիրավական է և ոտնահարում է մարդու իրավունքները: Ներկա իշխանությունը կոչ է անում զերծ մնալ զենքով փոփոխությունների գնալուց այն դեպքում, երբ հենց իրենք հիմք դրեցին զենքով փոփոխության գնալու ճանապարհը, Մարտի մեկն օրինակ, սպանեցին 10 մարդ, և մինչև օրս չի բացահայտվել, և քանի դեռ այս իշխանությունը գոյություն ունի, չի բացահայտվելու:

Մեր ժողովուրդն ունի ընտրության երկու տարբերակ՝ կամ համակերպվում է կեղծիքների և կեղծ իշխանությունների հետ, կամ ընդվզում է և փողոց դուրս գալով՝ պահանջում անօրինական իշխանության հեռացումը:

Եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի հանուն իր անկախության, որը հնարավոր է միայն ներկա համակարգի հեռացմամբ, մենք սատար կկանգնենք մեր ժողովրդին՝ օգտագործելով մեր հնարավորությունները, իսկ սփյուռքը հնարավորություններ շատ ունի:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքի կազմակերպությունը «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ ձևավորել է քաղաքական պլատֆորմ և հրավիրել համահայկական հանրահավաք, որի նպատակն է քաղբանտարկյալների ազատ արձակումը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Հրավիրում ենք մեր հայրենակիցներին մասնակցել:

Հեղինակ՝ Արմենուհի Վարդանյան

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/222006/

Los Angeles Chapter

Leave a Comment