Հայկական Վերածնունդը շնորհավորում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը – Armenian Renaissance  

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը շնորհավորում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը հիմնադիր համագումարի կապակցությամբ: Նախկին ռեժիմների կողմից տարիների ընթացքում քաղաքական դաշտի ամայացումից հետո թավշյա հեղափոխությունը ստեղծել է նոր իրողություն և նոր Հայաստան, որտեղ քաղաքական խոսքը և միտքը կարող են ազատ արտահայտվել: Նախկին իշխանությունների օրոք արմատական մոտեցումներ ունեցող անհատները և քաղաքական գործիչները, ռեժիմին մարտահրավեր նետող ուժերը գտնվում էին բանտում որպես քաղբանտարկյալներ: Իսկ այսօր՝ նոր Հայաստանի քաղաքական իրողությունում նրանք ոչ միայն գտնվում են ազատության մեջ, այլ նաև ստեղծում են նոր կուսակցություն և զբաղեցնում կարևոր տեղ Հայաստանի ներքաղաքական ներկապանակում:

Սասնա Ծռերի մեկնարկը որպես հասարակական լայն աջակցություն վայելող քաղաքական միավոր մեծապես նպաստում է Հայաստանի ներքին քաղաքական դաշտի առողջացմանը և դրա կայացմանը որպես իրական, հասարակության տրամադրությունները արտացոլող համակարգ: Շատ կարևոր ենք համարում, որ Սասնա Ծռերի հիմնադիր անդամները իրենց անմնացորդ աջակցությունն են հայտնում ազգընտիր վարչապետ Փաշինյանին, լիարժեքորեն սատարում հեղափոխությանը և պատրաստակամություն հայտնում աջակցել հեղափոխությունը հասցնելու իր հաղթական ավարտին և ժողովրդի իշխանությունը հաստատելու իշխանության բոլոր ճյուղերում:

Հայկական Վերածնունդը՝ ինչպես նախկինում Հիմնադիր Խորհրդարանի և Սասնա Ծռեր խմբավորման աջակիցներ, շարունակում է իր աջակցությունը հայտնել այդ ուժերի կողմից ստեղծված և նրանց գաղափարախոսությունը կրող Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը: Հավատացած ենք, որ կուսակցությունը լուրջ ներդրում կունենա նոր Հայաստանի կայացման և նրա թռիչքային զարգացման հարցում: Վստահ ենք նաև, որ Սասնա Ծռեր կուսակցությունը ջանքեր չի խնայի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ապահովելու և տարածաշրջանում նրա վճռորոշ դեր ստանձնելու, հայ ժողովրդի ազգային իղձերը իրականացնելու գործում:

Մեր բոլոր մասնաճյուղերի կողմից ողջունում ենք նորաստեղծ կուսակցությանը և մաղթում բեղմնավոր կուսակցական աշխատանք և հաղթական երթ դեպի մեր ազգային իղձերի իրականացում:

Հայկական Վերածնունդ

Սեպտեմբերի 30, 2018

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.