Սիրելի՛ ժողովուրդ, նոր Հայաստանը կերտող սիրելի՛ հայրենակիցներ. 2018 թվականի Դեկտեմբերի 9–ը հանդիսանում է պատմական օր, քանի որ այդ օրը մեր ժողովուրդը կօգտագործի իրենից տասնամյակներով խլված ազատ ընտրության իրավունքը։ Ժողովուրդն իր ընտրության իրավունքը վերականգնել է տասնամյակների պայքարի շնորհիվ, և այդ պայքարը վերջապես պսակեց հաջողությամբ «Թավշյա Հեղափոխության» միջոցով։

Այս հեղափոխությունը հեշտությամբ չի տրվել մեզ։ Դրան նախորդել են քաղաքացիական անհնազանդության ձախողված փորձեր, զոհեր, քաղբանտարկյալներ՝ «Մարտի 1», «Արժեքների Հեղափոխություն», «100-ամյակն առանց ռեժիմի» պայքարը և «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը։ «Թավշյա Հեղափոխությունը» պսակվեց հաջողությամբ նոր սերնդի վճռականության, ինչպես նաև դրան նախորդող բոլոր պայքարների արդյունքում:

Սակայն հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Ցավոք սրտի ներկա ԱԺ-ում հավաքված հակահեղափոխական ուժերին հաջողվեց տապալել ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծը: Հեղափոխական նոր Հայաստանը գնում է ընտրությունների Սերժ Սարգսյանի ստեղծած ընտրական օրենսգրքով, Սերժ Սարգսյանի ստեղծած Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովով և ՍերԺ Սարգսյանի հագով կարված սահմանադրությամբ: Այս ընտրությունները հակահեղափոխական ուժերի վերջին հույսն են: Նման պայմաններում ընտրական պայքարն ավելի է դժվարանում, սակայն մենք լիահույս ենք, որ մեր ժողովուրդը իմաստուն ընտրություն կկատարի և ԱԺ-ից դուրս կմղի բոլոր հակահեղափոխական ուժերին։

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում այս ընտրություններով վճռականորեն և մեկընդմիշտ մերժել նախորդ ռեժիմի մնացորդներին՝ այն բոլոր կուսակցություններին, ովքեր Մարտի 1–ի զոհերի արյան գնով եղել են իշխանություն։ Մեր ժողովրդին կոչ ենք անում միահամուռ ուժերով մերժել մեր երկրի ինքնիշխանությունը և սահմանադրական կարգը տապալած ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Օրինաց Երկիր կուսակցություններին։

Սիրելի ժողովուրդ, «Թավշյա Հեղափոխության» հռչակված արժեքները ավարտին հասցնելու համար ձեր ձայնը տվեք միայն հեղափոխական ուժերին։ Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը սատարում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը և կոչ է անում քվեարկել հանուն մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ստեղծվել է ազգին նվիրված, հայրենիքը ամեն ինչից վեր դասող և իրենց ազնվությամբ և անձնազոհությամբ բոլորին հայտնի անձանց կողմից: Նրանք պատրաստ են և ունակ ծառայելու ազգին՝ այժմ արդեն Ազգային Ժողովում: Սասնա Ծռեր կուսակցությունը մտնելով Ազգային Ժողով կնպաստի, որպեսզի հեղափոխությունը հասնի իր վերջնական հաղթանակին՝ իրագործելով անցումային արդարադատություն, լյուստրացիա, սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուսակցությունների մասին նոր օրենք։ Այս ամենը պահանջում են բացառիկ ազնվություն, նվիրվածություն և մասնագիտական հմտություններ՝ որակներ, որոնք առկա են Սասնա Ծռերի թեկնածուների կազմում:

Սասնա Ծռերը արժանի են մեր ձայներին և անհրաժեշտ են Ազգային Ժողովում: Հորդորում ենք մեր հայրենակիցներին քվեարկել հանուն ինքնիշխան Հայաստանի ամուր ապագայի և իրենց ձայները տալ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը։ Կեցցե՛ մեր նոր Հայաստանը:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն

Դեկտեմբերի 6, 2018

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.