Եթե Մենք Լինեինք, Երեք Նախագահներին էլ Պետք էր Կախաղան Հանել – Armenian Renaissance  

Վարչապետի՝ Փարիզ կատարած աշխատանքային այցի ավարտին տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որտեղ մենք հանդիպեցինք Հայաստանում «Սասնա ծռերին» աջակցող «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բամբեր, ինչպես ներկայացավ, Շանթ Ոսկերչյանին, որին մի քանի հարց ուղղեցինք հեղափոխության, հետհեղափոխական Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վարած քաղաքականության մասին։

– Պարոն Ոսկերչյան, հիմա ինչո՞վ է զբաղվում «Հայկական վերածնունդը» սփյուռքում։

– Մենք ստեղծեցինք այս շարժումը սփյուռքում առաջին անգամ, երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրված էր, և ասացին, որ ընտրված չէ, ինչպես որ անում էին միշտ։ Առաջին անգամ հոս Հայաստանի դեսպանատան առջև ցույց կազմակերպեցինք։ Նրանից հետո, շարունակաբար, երբ որ քաղաքական բանտարկյալներ եղան Հայաստանում, հիմա էլ կան դեռ, առնվազն «Սասնա ծռերից» երկուսը, որ դեռ բանտում են․․․ այսինքն՝ մենք ուզում էինք, որ Հայաստանը լինի դեմոկրատական երկիր, որտեղ մարդու իրավունքները կհարգվեն, և մարդիկ չբանտարկվեն իրենց գաղափարների պատճառով։ Մենք «Սասնա ծռերի» համար պայքարեցինք, մենք իրենց հետ էինք, մինչեւ հիմա էլ իրենց հետ ենք, բայց թե՛ իրենց հետ ենք, թե՛ Նիկոլենց հետ ենք։ Երբ որ Հայաստանում թավշյա հեղափոխությունն սկսեց, մենք համարյա 2 օր ցույց էինք անում դեսպանատան առջև, և մարդկանց մասնակցությունը հետզհետե ավելացավ։ Եվ մենք այսօր գտնում ենք, որ առաջընթաց կա, իրավիճակ է փոխվել Հայաստանում։

– Հիմա կարծում եք՝ ունե՞նք դեմոկրատական պետություն։

– Այսինքն՝ անբաղդատելիորեն լավ է, քան թե նախկինները։ Բայց դեռ ունենք ճամփա կտրելու։ Ամենակարևոր հարցը՝ դատաիրավական համակարգը պետք է փոխվի, այն բոլոր կեղծ դատավորները, որ եկել են նախկին շրջանից, և պարոն Փաշինյանը թողել էր, որ իրենք իրենց մաքրվեն, չմաքրվեցին։ Այսինքն՝ պետք է անմիջապես անցումային արդարադատություն հաստատվի։

– Հիմա Դուք նորմա՞լ եք համարում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի դատական համակարգի շուրջ՝ դատարանների դռների շրջափակում, ՍԴ նախագահին են ուզում հեռացնել․․․

– Մի րոպե․ Սահմանադրական դատարանի նախագահը՝ Հրայր Թովմասյանը, ինչպե՞ս է եկել էնտեղ, Դուք ինձանից լավ գիտեք՝ ովքեր են իրենց նստեցրել էնտեղ։

– Եթե նախկինում խախտումներ են թույլ տրվել, դա թո՞ւյլ է տալիս, որ նոր իշխանությունները խախտումներով փորձեն «սխալն» ուղղել։

– Մենք խախտում չենք տեսնում էստեղ, նորմալ գործընթաց է գնում, ավելին ասեմ՝ մենք կարծում ենք, որ պարոն Փաշինյանն իր մտածելակերպով շատ մեղմ է վերաբերվում նախկին իշխանություններին։ Այսինքն՝ եթե մենք լինեինք, էդ երեք նախագահներին էլ պետք էր կախաղան հանել։ Գիտեմ, այսօր իրենք Հայաստանի մեջ չկա նման բան, բայց ցմահ կբանտարկվեին․․․

– Ինչի՞ համար։

– Որովհետեւ ժողովրդին կողոպտել են 30 տարի է, ավելին ի՞նչ պիտի անեին։

– Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ կարծես բավականին սերտ աշխատում է, Քոչարյանին հիշում են, իսկ Տեր-Պետրոսյանին մոռացել են եւ չեն համարում, որ նա ևս թալանել է կամ վնաս է հասցրել երկրին։

– Վստահաբար, հենց իրենից են սկսել բոլոր պրոբլեմները։ Պարոն Փաշինյանն իր ժամկետն ունի, ինքն իր խելքով, ուղեղով գնում է առաջ։ Մի քիչ կամաց է գնում, ուզում էինք, որ ավելի արագ գնա։ Այսինքն՝ այնքան ժամանակ, մինչեւ որ դատաիրավական համակարգը չփոխվի, սփյուռքի մարդիկ հավատք չեն կարող ունենալ։ Ես եթե այնտեղ գնամ, հիմա Սաշիկը չկա, ասենք թե, բայց ուրիշ մեկը կգա ու գլխիս բան կարող է սարքել, եթե գործ բացեմ էնտեղ, քանի դեռ դատաիրավական համակարգը մյուսների ձեռքն է, կեղտոտների ձեռքն է։

– Բայց երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից ոմանք այժմ կառավարությունում են, կարծում եք, Փաշինյանը կարո՞ղ է անդրադառնալ առաջին նախագահի շրջանին։

– Այսինքն՝ Տեր-Պետրոսյանին անդրադառնալն ինձ համար ավելի երկրորդական է կամ երրորդական է, քան Սերժին նստեցնելը։ Սերժը պետք է նստի, Ռոբերտը պետք է նստի, նրանք չպետք է դուրս գան։ Դուք ինձնից լավ գիտեք, էնտեղ եք ապրել 30 տարի է՝ ժողովրդի արյունը ծծել են, հափշտակել են․․․ որքա՞ն դրամ են գողացել, գիտե՞ք, ահռելի փողեր են սրանք, էդ փողերը պետք է ետ վերադարձնեն։ Եթե էդ փողերը վերադարձնեն, Հայաստանը Փարիզից լավ կլինի։

– Պարոն Ոսկերչյան, Դուք ասում եք՝ երեք նախագահներին էլ պետք է կախաղան հանել, բայց այդ մարդկանց կախաղան հանելով կամ նստեցնելով դեմոկրատիա կկառուցե՞նք։

– Կախաղան հանելը թեկուզ մի քիչ չափազանցրեցի, բայց կարող եմ ասել, որ պետք է դատի քաշվեն․․․ չենք հասկանում, մինչև հիմա Սերժի դեմ բան չկա՞, որևիցե մի գործ չկա՞։ Լիքը գործ կա, բայց ինչո՞ւ Սերժը նստած չէ, ման է գալիս, և դրսից Ռոբի հետ միասին և ծախված Դաշնակցության հետ միասին ռեւանշի իրենց ակտերն են կազմակերպում։ Պետք չէ թողնել սրանց, հին ռեժիմից որևէ մեկը չպետք է ազատ, համարձակ կարողանա ջանալ, տապալել այս իշխանությունը։

– Հայ ժողովուրդը մի կողմից փափագում էր նախկինների հեռացումը և պահանջում է, որ արդարացի պատժի արժանանան նրանք, մյուս կողմից այս հետապնդումները հասարակության մեջ լարվածություն են առաջացնում՝ ամեն խանություն կարող է նախկիններին ճնշել, նստեցնել, հետո կգան հաջորդները՝ նույնկերպ կվարվեն։ Սա ո՞ւր կհասցնի մեզ։

– Չէ, չէ, էդպես չէ։ Փաշինյանը ժողովրդին չի ճնշում, առաջին անգամ 30 տարվա ընթացքում ազատ ընտրություններ եղան 2018-ի դեկտեմբերին։ Այսինքն՝ չեք կարող բաղդատել նախկին ռեժիմը և հիմիկվա ռեժիմը, չի կարելի։ Եվ ես լիուլի իրավունք եմ տալիս պարոն Փաշինյանին, որ հներին․․․ ես նորից ասում եմ՝ շատ կամաց է գնում, մենք ուզում ենք համակարգային փոփոխություններ տեղի ունենան, ինքն էդպես չի գնում։ Օրինակ՝ Սահմանադրությունը, որ ընտրվեց Սերժի ժամանակ, դա սուտ քվեարկություն էր, չէր անցել էդ Սահմանադրությունը, բայց ինքը դեռ էդ Սահմանադրության վրա է հիմնվում։

– Ի դեպ, Փաշինյանին մեղադրում են, որ նախկինում նա քննադատում էր, թե Սահմանադրությունը «կարվել» է Սերժ Սարգսյանի «հագով», հիմա այդ «կոստյումն» ինքն է հաջողությամբ կրում և կարծես միտք էլ չունի դրանից հրաժարվելու։

– Այդ Սահմանադրությունը, ի վերջո, քվեարկվել է, բայց դա փոխելու համար նախևառաջ պետք է Սահմանադրական դատարանի կազմը փոխվի։ Այդ կազմը փոխելու պարագայում թերևս Սահմանադրությունն էլ պիտի փոխի։

– «Սասնա ծռերը» մտան՝ ՊՊԾ գունդը գրավեցին, մարդկանց պատանդ վերցրին, 3 զոհ եղավ, հետո Նիկոլ Փաշինյանը եկավ ու նրանց ազատեց, և մարդիկ դժգոհում են, որ քրեական հանցանք կատարած անձանց ազատել են։

– Նախևառաջ չազատեց… իսկ երեք զոհ եղավ, ո՞վ է արել այդ զոհերին, գիտե՞ք, փաստը ունե՞ք՝ չունեք։

– Իրավապահներն ասում են, որ «Սասնա ծռերի» անդամներն են կրակել նրանց վրա։

– Մենք նախկին ռեժիմի մարդկանց արած հետաքննություններին չենք հավատում, նոր, մաքուր հետաքննություն պետք իրականացվի։ Մենք առաջինն ենք հետաքրքրված, որ իսկապես փաստվի՝ ով ինչ է արել։ Էսօր զրպարտություն անելը հեշտ է։ «Սասնա ծռերը» ՊՊԾ գունդը գրավել են և լավ են արել, եթե դա չանեին, հետո Նիկոլը չէր կարող հաջողել։

– Հիմա Ֆրանսիայի հայ համայնքն ի՞նչ մոտեցում ունի հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, կիսո՞ւմ են Ձեր մոտեցումներն այստեղ ապրող հայերը։

– Ընդհանուր առմամբ՝ գաղութը, համայնքը հին համայնք է, և կարող եմ ասել, որ, բացի մեզնից, բոլորն այստեղ մինչեւ վերջին րոպեն զորակցում էին Սերժին, մինչեւ որ հրաժարական տվեց։ Մենք միակն էինք, որ զորակցում էինք Նիկոլին և «Սասնա ծռերին»։

 

Աղբյուր՝ https://hraparak.am/post/68080f4f94d8bf38223a0dda5d1bfd0e

Հեղինակ՝ Վահե Մակարյան, Հրապարակ

Paris Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.