Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտյերեշին,
ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենին,
ԱՄՆ Կոնգրեսի Անդամներին,
ԱՄՆ Սենատի Անդամներին,
ԵԱՀԿ Նախագահող Զբիգնիեւ Ռաուին
ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Հելգա Մարիա Շմիդին
Եվրոպական Խորհրդի Նախագահող Շարլ Միշելին
Եվրոպական Խորհրդի Անդամներին,
Ֆրանսիայի Նախագահ Էմմանուել Մակրոնին,
Ֆրանսիայի Ազգային Ժողովի Անդամներին,

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Այս օրերին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառով ընթացող պատերազմին, Ռուսաստանի ստրատեգիական գործընկեր Ադրբեջանը /համաձայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 փետրվարի 24-ին կնքած պայմանագրի/, Լեռնային Ղարաբաղում (հայկական Արցախում) գտնվող ռուսական այսպես կոչված խաղաղապահ զորքերի ներկայությամբ և լուռ համաձայնությամբ, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի վերաբերյալ հայտարարության կետերը, որի երաշխավորը Մինսկի Խմբից առանձին հռչակվել էր Ռուսաստանը, ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հայաբնակ Փառուխ գյուղը և նրան հարակից տարածքները։ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռմբակոծելով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մտնող միակ գազամուղը, գազամուղը փակելով զրկել է հայ բնակչությանը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մտնող գազի կոմունալ ծառայությունից, բնակչությանը մատնելով նոր հումանիտար աղետի և ահաբեկչության։ Ռուսական զորքերի անգործության հետևանքով զոհվել են հայ բնակիչներ։ Փառուխի ողջ մնացած հայ բնակչությունը ահաբեկչության պատճառով ստիպված լքել է իր բնակավայրը։ Փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին սկսվել է Էթնիկ զտման և ցեղասպանության հերթական ալիքը, որը հայ մշակութային ժառանգության ոչնչացմանը, սպանություններին և ստիպողական տեղահանություններին զուգընթաց բերելու է Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափման։

Սկսած 2010 թվականից Ռուսաստանը, լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված Մինսկի Խմբի համանախագահ, աջակցելով Բաքվի ռեժիմի, ղարաբաղյան հարցը ուժով լուծելու քաղաքականությանը, Ադրբեջանին մատակարարել է ահռելի քանակությամբ ծանր հարձակողական սպառազինություն, որի շնորհիվ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, օգտվելով պանդեմիայի պատճառով  աշխարհում ստեղծված ծանր վիճակից, Թուրքիայի զինված ուժերի և ջիհադիստ վարձկանների հետ միասին սկսեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, որի արդյունքում օկուպացրեց Արցախի տարածքի 40 տոկոսը և որի արդյունքում սպանվեց շուրջ 4000 հայ։ Կան փաստեր այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ կիրառել են կասետային և քիմիական սպիտակ ֆոսֆորի ռումբեր, որոնք օգտագործում է նաև Ռուսաստանը Ուկրաինայում։

Շրջանցելով Մինսկի Խմբի Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ-ի) և Ֆրանսիայի համանախագահությունը, Մոսկվան պարտադրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարությունը, որի հետևանքով Ռուսաստանը, առանց Միացյալ Ազգերի Կազմակերպության մանդատի, խաղաղապահների առաքելություն անվան տակ Լեռնային Ղարաբաղում տեղակայեց իր ռազմական բազան, իսկ Թուրքիայի հետ նաև ստեղծեց համատեղ ռազմական մոնիտորինգային կենտրոն՝ հետագա ռազմական բախումները կանխելու անվան տակ։ Սակայն, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական ոտնձգությունները պարբերաբար շարունակվում են, հանգեցնելով տեղի բնակչության զոհերի և բնակավայրերի ստիպողաբար լքմանը։

Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղակայված ռուսական զորքերի ներկայությունը որևէ կերպ չի ապահովում տեղի հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը։

Ուստի, խնդրում ենք Ձեզ անհապաղ Լեռնային Ղարաբաղում տեղակայել միջազգային խաղաղապահ ուժեր կամ Մինսկի Խմբի անդամ բոլոր երկրները ներկայացնող խաղաղապահ ուժեր՝ ապահովելու համար տեղի հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը։

ԱՄՆ-ի Հայդուկ հասարակական կազմակերպություն

ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ Ակումբ հասարակական կազմակերպություն

ԱՄՆ-ի Սփյուռքի Միասնության Հարթակ հասարակական կազմակերպություն

ԱՄՆ-ի Հայկական Միություն հասարակական կազմակերպություն

ԱՄՆ-ի Վաղվա Հայաստան հասարակական կազմակերպություն

ԱՄՆ-ի Առյուծների Բանակ Մասնավոր Անվտանգության կազմակերպություն

ԱՄՆ-ի Հայկական Վերածնունդ Սփյուռքյան Շարժում հասարակական կազմակերպություն

ԱՄՆ-ի Արդարադատության և Ժողովրդավարության Ամերիկյան Կենտրոն

Los Angeles Chapter

Leave a Comment