Մամլո հաղորդագրություն Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն, ինչպես նաև Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպությունը խստորեն դատապարտում են Ժիրայր Սեֆիլյանի և իր գործով ամբաստանյալների՝ այսօր կայացրած ծանր դատավճիռը:
Գրեթե մեկ տարի տևեց այս շինծու դատավարությունը, որտեղ պարբերաբար ոտնահարվում էին ամբաստանյալների և նրանց փաստաբանների տարրական իրավունքները, որտեղ հենց դատարանի շենքում բազմաթիվ ամբաստանյալների հանդեպ ուժ էր կիրառվում:

Եվ այսօր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, որն ամբողջ «դատավարության» ժամանակ չէր թաքցնում իր ամբարտավանությունն ու արհամարհանքը, հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը. վերջինս դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման: Նա դատապարտվեց առանց որևէ ապացույցի, այն բանի համար, որ ցանկանում էր գրավել հեռուստաընկերության շենքերը «հեղափոխություն նախապատրաստելու» համար: Սեֆիլյանի գործով ամբաստանյալները ևս դատապարտվեցին առանց լուրջ ապացույցների առկայութեան և առանց իրենց շահերը պաշտպանելու հնարավորության. Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը և Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի ազատազրկման:
Այս դատավճիռները ևս մեկ անգամ ցույց են տալիս իշխանության տարանջատված չլինելը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ դատական իշխանությունն հատկապես, ամբողջովին ենթարկված է գործադիր իշխանությանը: Սա մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ դատարանները, անաչառ վճիռ արձակելու փոխարեն, ծառայում են Սերժ Սարգսյանին իբրև բեմ, որտեղ նա կարող է ազատորեն լուծել իր խնդիրները:

Իրական ընդդիմությանը ճնշելու լավագույն օրինակը Ժիրայր Սեֆիլյանի ծանր դատավճիռն է, այն մարդու, ով իր մարտական ընկերների հետ ադրբեջանական լծից ազատագրեց Շուշին, այն մարդու, ով բացահայտեց Սերժ Սարգսյանի սուտը՝ կապված 2016 թվականի քառօրյա պատերազմի տարածքային կորուստների ծավալի հետ:
Այսպիսով, օրըստօրե Սերժ Սարգսյանն իր դիրքը, ինչպես նաև իր ներկայացրած համակարգն առավել ամրապնդելու համար չեզոքացնում է բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են հայ ժողովրդի իրական ուժը, լինի դա շինծու դատավարության թե գործող իշխանության գաղտնի ծառայությունների կողմից ժողովրդին լռեցնելու և վախ սերմանելու միջոցով:

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված հաղորդագրության մեջ Կոմիտեն ներկայացրել է ոչ վերջնական ցուցակ, որը ներառում է 109 քաղբանտարկյալ:
Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն և Փարիզի Հայկական վերածնունդ կազմակերպությունը գտնում են, որ այս ազատազրկումներն ունեն այնուամենայնիվ դրական մի կողմ ՝ առավել քան երբևէ պատռել գործող իշխանության իրական դեմքը և ցույց տալ, թե որքան հրատապ է աջակցել նրանց, ովքեր քաջությունն ունեն դատապարտելու գործող իշխանությանը:

Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե
Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպություն

20 Մարտի 2018թ.

Փարիզ

Paris Chapter

4 Comments

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.